Մարտի մեկը ԱՄՆ-ում անվանել են «սուպեր երեքշաբթի» (Super Tuesday): Բանն այն է, որ մեկ օրվա ընթացքում միանգամից տասներկու նահանգներում տեղի են ունեցել նախնական ընտրություններ (primeries), որոնց ընթացքում քաղաքացիներն աջակցություն են հայտնել կուսակցությունների ներսում միմյանց հետ մրցող հանրապետական և դեմոկրատ թեկնածուներին:
Հանրապետականների կողմից, ինչպես և արդարացան բոլոր կանխատեսումները՝ ամենից շատ ձայներ հավաքեց ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը, ով ինքն իրեն սուպեր երեքշաբթիի հաղթող ճանաչեց:
Նա արդեն վեց նահանգներում (Ալաբամա, Ջորջիա, Մասաչուսեթս, Թենեսի, Արկանզաս և Վիրջինիա) հաղթել է նախնական ընտրություններում: Թեդ Քրուզը հաղթել է Թեքսասում և Օքլահոմայում, իսկ Մարկո Ռուբիոն հաղթել է միայն Մինեսոտա նահանգում:
«Ես հաղթողն եմ: Երբ փրայմերիզն ավարտենք, ես որս եմ սկսելու մեկ մարդու՝ Հիլարի Քլինթոնի դեմ»,- ասել է Թրամփը, ում խոսքերով, Քլինթոնը, ով դեմոկրատների հնարավոր թեկնածուն կարող է լինել նախագահական ընտրություններում, ԱՄՆ քաղաքացիներին առաջարկելու բան չունի: «Եթե նա այսքան տարի ոչ մի նոր բան չի մտածել, ապա առաջիկա չորս տարիներին էլ չի մտածի»,- վստահեցրել է Թրամփը:
Իսկ Հիլարի Քլինթոնն ահա հաղթել է Ջորջիա, Վիրջինիա, Ալաբամա, Թեննեսի, Արքանզաս, Մասաչուսեթս և Թեքսաս նահանգներում, մինչդեռ նրա հիմնական մրցակից սենատոր Բերնի Սանդերսը հաղթել է իր հայրենի Վերմոնտ նահանգում և Օքլահոմայում:
«Հավատացած եմ, որ եթե միասնաբար աշխատենք համայնքներում կերաշխավորենք յուրաքանչյուր ամերիկացու արդարադատության իրավունքը և պատիվը, ինչից մենք բոլորս կշահենք», - հայտնել է Քլինթոնը:
Ինչևէ, անկախ մնացած փրայմերիզների հետագա արդյունքներից, կարելի է արդեն իսկ համոզված ասել, որ վերջնական ընտրապայքարում միմյանց դեմ են դուրս գալու ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը: