Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել, եթե այդպես որոշի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինտերֆաքս լրատվական գործակալությանը տված հարցազույցում Կադիրովը, խոսելով իր հրաժարականի հնարավորության մասին, նշել է, որ իր ապագայի վերաբերյալ հարցը Կրեմլում դեռևս չի քննարկվել, բայց նա պատրաստ է Վլադիմիր Պուտինի ցանկացած որոշման:
«Ես հետևակային եմ, որը կասի՝ լսո՛ւմ եմ: Անկախ նրանից ես կպաշտոնավարեմ, թե ոչ՝ ես հավատարիմ կմնամ Վլադիմիր Պուտինին»,- հայտարարել է Կադիրովը:
Նա նաև նշել է, որ հրաժարականի դեպքում կզբաղվի երեխաների դաստիարակությամբ և հայրենիքին ծառայելով:
«Ես 9 երեխա ունեմ: Անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի ստացվում նրանց հաճախ տեսնել, շփվել: Դա նորմալ չէ: Տղաները պետք է ամեն օր գոնե մեկ ժամ անցկացնեն իրենց հոր հետ... Ես երեխաներիս կսովորեցնեմ այն, ինչ ինքս եմ սովորել և մյուսներին սովորեցրել՝ ծառայել հայրենիքին»,- նշել է Չեչնիայի ղեկավարը: