Իրանը պատրաստ է համագործակցել Բուլղարիայի հետ`Թուրքիայի տարածքով իր երկաթուղին Բուլղարիայի հետ միացնելու համար, ինչպես նաև հուսով է, որ կգործարկվի Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանպորտային միջանցքը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Թեհրանում հայտարարել է Իրանի տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդին իրանա-բուլղարական տնտեսական հանձնաժողովի նիստում:
Ախունդին դիմել է բուլղարական կողմին` խնդրելով ավելացնել իրանական բեռնատարների մուտքը տարեկան 2000-ից մինչև 5000: Նա նաև նշել է, որ Բուլղարիան Իրանի համար դարպաս է դեպի Եվրոպա, իսկ Իրանն իր հերթին դարպաս է Բուլղարիայի համար դեպի Պարսից ծոց և Կենտրոնական Ասիա:
Իրանն ու Բուլղարիան պայմանավորվել են նաև խթանել երկկողմ զբոսաշրջությունն ու ուղիղ ավիահաղորդակցություն հաստատել առաջիկայում: