Եվրոպական Միությունը պարբերաբար հայտարարում է, որ ավելի քան 500,000 եվրոպացիներ ամեն տարի մահանում են ծխախոտի հետ կապված հիվանդություններից: Պասիվ ծխելն իր հերթին առաջացնում է թոքերի քաղցկեղ, սրտի հիվանդություններ, բրոնխիտ, թոքաբորբ և ասթմա: Ուստի ԵՄ հանձնաժողովը հորդորում է բոլոր անդամ երկրներին հետևել ամերիկյան ոճի արգելքներին, որոնք արդեն իսկ պարտադրված են Իռլանդիայում և Նիդեռլանդներում: Չնայած հանձնաժողովն այդպիսի օրենքների կիրառման լիազորություններ չունի, դրա ազդեցությունը բավական ուժեղ է Եվրոպայում:
Ինչևէ, ԱՄՆ-ում, որի օրինակով ցանկանում է առաջնորդվել ԵՄ-ն, օրենքները հաճախ պարտադրվում են տեղական ինքնակառավարման՝ նահանգային մակարդակով, այլ ոչ թե պետության դաշնային մակարդակով: Օրինակ Կալիֆորնիայում և Նյու Յորքում ծխելու դեմ պայքարի աշխարհի ամենախիստ միջոցներն են կիրառվում: Մինչդեռ Տեխասում, Օկլահոմայում, Միսիսիպիում և Ջորջիայում համեմատաբար հեշտ է գտնել որևէ բար կամ ռեստորան, որտեղ ազատ կարող եք ծխախոտ վառել: Ի դեպ, հետաքրքրական է, որ ժամանակին ԱՄՆ որոշ նահանգներում տարածված երևույթ էր ծխող մարդկանց դռներին մոխրով հատուկ նշաններ անելը՝ այդպիսով վարկաբեկելով նրանց հարևանների մոտ և հնարավորինս մեկուսացնելով հասարակությունից:
Իսկ վերոնշյալ Իռլանդիան և Նիդեռլանդները դարձել են առաջին երկրները Եվրոպայում, որոնք ծխելու դեմ ընդհանուր արգելք են ներկայացրել, և օրենքը խախտողների հանդեպ տուգանք սահմանել մինչև 3000 եվրո:
Մեծ Բրիտանիայում ամենակոշտ օրենքներն ու պատիժներն են գործում ծխելու դեմ պայքարում: 2007 թվականի հուլիսի 1-ից սկսած դրանք ներդրվել են Միացյալ Թագավորության յուրաքանչյուր բաղկացուցիչ մասում՝ Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում:
Գերմանիան, օրինակ, վերջին շաբաթների ընթացքում խստացրեց օրենքները՝ կապված ծխախոտի գովազդի հետ, որով նախատեսում էր հիվանդ թոքերի սարսափելի նկարներ տեղադրել ծխախոտի տուփերի վրա: Գերմանացիները նույնիսկ սկսեցին արգելել ազատ ծխելը Օքթոբեր Ֆեսթի (գարեջրի հոկտեմբերյան փառատոնի) շրջանակներում: Իսկ Ավստրիայի կառավարությունը վերջերս հայտարարել է, որ մտադիր է 2018-ին ընդհանուր ծխելու արգելք սահմանել սրճարաններում ու ռեստորաններում, իսկ մինչ այդ ծխողների համար նախատեսված սրահները թույլատրվում են միայն այն պայմանով, որ ծուխը չի թափանցում չծխողների տարածք: Ավստրիայում դուք կարող եք նաև ծխել ձեր սեփական գրասենյակում, եթե չունեք որևէ անմիջական շփում հաճախորդների հետ:
Ֆրանսիայում ծխելու առանձին սրահները չնայած թույլատրված են հասարակական վայրերում, բայց կարող են զբաղեցնել տվյալ հաստատության ընդհանուր մակերեսի ամենաշատը 20%-ը և դրանց չափը չի կարող լինել ավելի, քան 35 մ ²: Դրանք պետք է հագեցած լինեն օդափոխության առանձին համակարգով, և օդի ճնշումն այդտեղ պետք է մշտապես լինի ավելի ցածր, քան մյուս հարակից սենյակներում: Ինչպես նաև մաքրող անձնակազմը կարող է մտնել այնտեղ ծխելուց առնվազն մեկ ժամ հետո:
Իսպանիայում, Հունաստանում և Իտալիայում իրավիճակը հատկապես հուսահատեցնող է, քանի որ այստեղ ծխում են դեռահասների գրեթե 40 տոկոսը: Այստեղ արգելված է ծխելը խաղահրապարակներում, սպորտային մարզադաշտերում, իսկ Իսպանիայում շուտով նաև ծխախոտը կարգելվի ցլամարտերի ժամանակ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ 2005 թ. մարտին ուժի մեջ է մտել հիվանդանոցներում, մշակութային, կրթական հաստատություններում և հասարակական տրանսպորտում ծխելն արգելող օրենքը: Իսկ 2006 թ.-ի մարտին ուժի մեջ է մտել բոլոր պետական և մասնավոր հաստատություններում, այդ թվում `բարերում և ռեստորաններում ծխելու համար հատուկ մեկուսի տարածքների առանձնացման օրենքը: Ցավոք այս օրենքների խախտման համար որևէ իրավական պատժամիջոց չի կիրառվում, ինչը կարելի է ասել ամբողջությամբ ապարդյուն է դարձնում բուն օրենքները: