Դոպինգ-սկանդալից անմասն չի մնացել նաև Բաքուն

15:40     11 մարտի, 2016

Հակադոպինգային միջազգային գործակալության կողմից 2016 թվականի հունվարի 1-ից «Միլդրոնատ» դեղամիջոցը արգելված նյութերի ցանկում ներառելու հետևանքով սպորտային սկանդալները շարունակվում են: Թերևս ամենաշատը խոսվում է հայտնի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի և աշխարհի հնգակի չեմպիոն չմշկորդ Պավել Կուլիժիկովի մոտ այդ նյութի հայտնաբերման մասին, սակայն Միլդրոնատի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել ոչ միայն ռուս մարզիկների, այլ նաև վրացի, բուղարացի, ուկրաինացի, եթովպացի, շվեդ մարզիկների մոտ:

Դոպինգային այս սկանդալից անմասն չի մնացել նաև Ադրբեջանը կամ ավելի ճիշտ վերջինիս կողմից կազմակերպված Առաջին եվրոպական խաղերը: Այսպես, Սպորտային բժշկության բրիտանական ամսագիրը հրապարակել է շոկային մի հետազոտություն, որ վկայում է Եվրոպական առաջին խաղերին մասնակցող մարզիկների շրջանում Մելդրոնատ դեղանյութի տարածվածության մասին: Այդ հետազոտության տվյալների համաձայն,  այդ դեղանյութն ընդունել է խաղերին մասնակցող մոտ 500 մարզիկ, որից 13-ը մեդալակիրներ են: Մարզիկների մեծ մասը հերքում է դոպինգ համարվող այդ նյութի օգտագործումը՝ ավելորդ հետազոտություններից խուսափելու համար:

Հարկ է նշել, որ 2015 թվականի ամռանը, երբ անցկացվել են Եվրոպական խաղերը, Մելդրոնատ դեղամիջոցը հակադոպինգային միջազգային գործակալության կողմից դոպինգ չի համարվել և կարելի է ասել, որ այն օգտագործած մարզիկները դա արել են միանգամային «օրինական հիմունքներով»: Արդյունքում, մինչև 2016 թվականի հունվարի 1-ը այդ նյութը օգտագործած մարզիկներին դժվար թե նվաճած մեդալներից և տիտղոսներից զրկեն, սակայն սպորտային հեղինակությունը միանշանակ բավականին կտուժի:

Դոպինգային այս սկանդալի հետևանքով էլ ավելի են մեծանում կասկածները եվրոպական երկրորդ խաղերի կայանալու հետ կապված: Միջազգային նման մակարդակի մրցաշարերի  անցկացման հաջորդ վայրը սովորաբար որոշվում է նախապես, սակայն մինչ այժմ որևէ երկիր ցանկություն չի հայտնել ընդունելու 2019 թվականին կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերը, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին ոչ որպես մարզական իրադարձություն, այլ ավելի շատ շահարկվեցին քաղաքական համատեքստում: Նախապես ենթադրվում էր, որ երկրորդ խաղերը պետք է ընդունեն Նիդեռլանդները, սակայն Բաքվի խաղերի ավարտից հետո վերջինս հայտարարեց, որ հրաժարվում է իր հարկի տակ սպորտային այդ իրադարձության կազմակերպումից նյութական միջոցների սղության պատճառով: Հաջորդ հնարավոր թեկնածուն Ռուսաստանն էր, որ սակայն օրերս հայտարարեց, որ նման բան չի պլանավորում: Այսպիսով, չի բացառվում, որ Բաքվում անցկացված առաջին Եվրոպական խաղերը դառնան  նաև վերջինը…


© armedia.am