Թուրքիայում ամեն տարի նշվող Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) ճակատամարտի տոնակատարությունները 2016-ին կանցկացվեն մարտի 18-ին, Anadolu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Թեմային անդրադարձած թուրքական Demokrathaber.com լրատվակայքի հոդվածագիր Հրանտ Գասպարյանը հիշեցնում է, որ 2015-ին Գալիպոլիի տոնակատարություններն արհեստականորեն տեղափոխվել և աննախադեպ շուքով նշվում էին ապրիլի 24-ին: Ճիշտ այն օրը, երբ հիշատակվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Գասպարյանը հիշեցնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Չանաքքալեի տոնակատարությունները պատմության մեջ առաջին անգամ են ապրիլի 24-ին իրականացվում:
Նախագահն ընդգծել էր, որ այս քայլը Թուրքիայի ավանդական դարձած հերքման քաղաքականության մի մաս է և նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներից: