Տասնյակ հազարավոր մարդիկ իսպանական Վալենսիա քաղաքում բողոքի ակցիա են կազմակերպել` իրենց բողոքն արտահայտելով քաղաքային իշխանությունների կողմից ավանդական ցլամարտի անցկացման վերաբերյալ արգելքի դեմ:
«Մենք այստեղ ենք, որպեսզի հայտնենք, որ ցլամարտը մեր կյանքն է, մեր ավանդույթը, իսպանացիների մշակութային ինքնարտահայտման գլխավոր միջոցներից մեկը»,- ասել է ցլամարտիկ Մորանտե դե լա Պուեբլան, որից բացի ևս մի շարք հայտնի ցլամարտիկներ են ներկա եղել ցույցին, ինչպես նաև ֆերմերներ և ցլամարտի բազմաթիվ երկրպագուներ: Ի դեպ նշենք, որ ցլամարտի մոլի երկրպագու է նաև Իսպանիայի գործող վարչապետ Մարիանո Ռախոյը: Ցլամարտը գնահատողներն այն համարում են արվեստի հնագույն տեսակ, որն ազգային պատմության մեջ խոր արմատներ ունի:
Սակայն, ցլամարտը, կենդանիների իրավունքների պաշտպանության տեսակետից, միշտ էլ վիճահարույց թեմա է հանդիսացել Իսպանիայում: Ցլամարտի հակառակորդները հանդես են գալիս այդ «բարբարոսական» սպորտի դեմ և անգամ սպառնում են դրա վրա արգելք սահմանելու հարցը Եվրոպական դատարան հասցնել: Ցլամարտի հակառակորդների գլխավոր փաստարկն այն է, որ կան ուրիշ շատ վտանգավոր զվարճալիքներ և պահանջված մասնագիտություններ, որոնք վտանգում են մարդու սեփական կյանքն ու առողջությունը, սակայն առանց ավելի թույլերի հանդեպ բռնություն ու դաժանություն կիրառելու (օրինակ` պարաշյուտիզմը, պարապլանիզմը, կասկադյորությունը) և այլն:
Ցլամարտի հակառակորդներն անգամ զուգահեռ բողոքի ակցիա են անցկացրել Վալենսիայում՝ կարմիր ներկած կիսամերկ մարմիններով փողոց դուրս գալով, ինչը խորհրդանշում է կենդանիների տառապանքը ցլամարտերի ժամանակ:
Ցլամարտի կամ կորիդայի ծագումն ընդհանրապես կապված է Պիրենեյան թերակղգում ցուլի պաշտամունքի հետ։ Կորիդան Իսպանիայում հայտնի է եղել դեռևս 11-րդ դարում։ Իսպանիայից բացի ցլամարտեր կազմակերպվում են նաև Պորտուգալիայում, Ֆրանսիայի հարավում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում: Ինչ վերաբերում է Կատալոնիային, ապա թեժ պայքարից ու բազում բանավեճերից հետո ցլամարտը վերջնականապես արգելվեց, և 2012 թվականից արդեն Իսպանիայի հյուսիսարևելյան այս շրջանում կորիդա երևույթը զուտ որպես պատմամշակութային հուշ է մնացել: