Այս մասին ասել է հայտնի իրավապաշտպան, փաստաբան Ամալ Քլունին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիմակիցները պարբերաբար հայտարարում են, որ Ամալ Քլունին ազգությամբ հայ է:
«Չեմ հասկանում, թե որևէ ազգության պատկանելը ինչպես կարող է վարկաբեկել ինձ: Ես հայկական արմատներ չունեմ, բայց չեմ էլ հասկանում, թե դա ինչ կապ ունի: Այն, որ ես Հայաստանի շահերը ներկայացրել եմ դատարանում ինձ հայ չի դարձնում»,-ասել է Քլունին, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության հետ կաված աղմակահարույց գործով ներկայացնում էր Հայաստանի շահերը:
Ադրբեջանական կողմին նման ենթադրությունների հիմք է տվել նաև այն, որ Քլունիի ամուսինը՝ հայտնի դերասան Ջորջ Քլունին, սատարում է հայ գործարարների ստեղծած «Հարյուր կյանք» հիմնադրամին, որին իր աջակցությունն է հայտնել նաև Ամալ Քլունին:
Քլունիի դեմ ադրբեջանցիների հարձակումները «Ազատություն» ռադիոկայանին ուղարկված նամակում դատապարտել է նաև լրագրող Խադիջա Իսմայիլովան, որն Ալիևի ռեժիմի կողմից երկար ժամանակ հետապնդումների ենթարկվելուց հետո դատապարտվել է 7 ու կես տարվա ազատազրկման, և ում շահերը նույնպես ՄԻԵԴ-ում պաշտպանում է Ամալ Քլունին:
«Ես Քլունիին ընտրել եմ, որովհետև գոհ եմ նրա պաշտպանությունից: Նրան չեմ հարցրել իր արմատների մասին, քանի որ քաղաքակիրթ աշխարհում նման հարցեր չեն տալիս»,-գրել է Իսմայիլովան:
Մարտի 14-ին Քլունին Իսմայիլովայի անունից բողոք է ներկայացրել ՄԻԵԴ:
Ջորջ ու Ամալ Քլունիները Հայաստան են գալու ապրիլի 22-ին՝ եռօրյա այցով: Այս ընթացքում Քլունիները մասնակցելու են «Հարյուր կյանք» հիմնադրամի «Ավրորա» առաջին մրցանակաբաշխությանը, որը շնորհվում է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել այլոց օգնելու, այդ թվում՝ Ցեղասպանությւոնից հետո հայերին օգնելու համար: