Չնայած սահմաններին շարունակվող լարվածությանը և ավելի քան 20 տարի տևող «ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն» իրավիճակին՝ Արցախի իշխանությունները ոչ միայն հետևողականորեն ամրապնդում են երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածությունը, այլ նաև ավելի են զարգացնում երկրի արտաքին կապերը:
Այս առումով միայն մարտ ամսվա սկզբին մի շարք զարգացումներ տեղի ունեցան: Հատկանշական էր մարտի 13-ին Գերմանիայի երեք երկրամասում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Արցախի ներկայացուցչի՝ որպես դիտորդ մասնակցելու հանգամանքը: Բադեն-Վյուրտենբերգ երկրամասում դիտորդական առաքելություն էր իրականացնում Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը: Ի դեպ, սա Արցախի կողմից եվրոպական ընտրություններին առաջին նման առաքելությունն էր, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց և արդեն պրակտիկ օրինակով ապացուցեց եվրոպական արժեքներին Արցախի և արցախցիների հավատարմությունը:
Այն, որ Արցախն իսկապես մոտ է կանգնած եվրոպական ժողովրդավարական արժեքներին, ընդգծվել է նաև Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակության՝ ԼՂՀ կատարած այցի ժամանակ: Ֆլամանդական խորհրդարանի անդամ Կարիմ Օվերմեյերը հավաստիացրել է, որ Արցախն ամրոց է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Եվրոպայի՝ ընդգծելով համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման կարևորությունը:
Իսկ ներդրումային, բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր են քննարկվել և համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լիբանանում: Մարտի 12-15-ը Լիբանանում էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով մի շարք հանդիպումներ է ունեցել հայ և օտարերկրյա ներդրողների հետ:
Մարտի 9-ից 13-ը ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացավ առանձին տաղավարով՝ այցելուներին ներկայացնելով տեղեկատվություններ Արցախի մասին, ինչպես նաև բաժանելով նրանց Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող գրականություն, ֆիլմերով սկավառակներ, քարտեզներ: Արցախի մասնակցությունը և տաղավարի շուրջ հետաքրքրությունը բնականաբար չէր կարող չառաջացնել ադրբեջանական կողմի զայրույթը, ինչը արտահայտվեց նրանց բոյկոտով:
Մարտի կարևորագույն իրադարձություններից էր նաև Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Ճանաչման բանաձևում կոչ է արվում «միջազգային հանրությանը ըստ արժանվույն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»:
Այսպիսով, անգամ չճանաչվածության պատճառով պետական մակարդակի շփումներում առաջացող խոչընդոտների առկայության պարագայում Արցախն ամեն կերպ փորձում է համագործակցային հարաբերություններ ստեղծել տարբեր երկրների հետ՝ չզրկելու իր քաղաքացիներին զարգանալու և բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից: Այն, որ Արցախի զարգացմանը ուղղված ցանկացած քայլ Ադրբեջանի կողմից ընդունվում է հիվանդագին, և Արցախ այցելած ցանկացած մեկը հայտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում» որևէ նորություն չէ: Էականն այն է, որ միջազգային հանրությունը սկսել է գիտակցել Արցախի հետ համագործակցելու կարևորությունը, միևնույն ժամանակ դրանից բխող Արբեջանի արձագանքը նրանց համար գտնվում է սպասելիի շրջանակներում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում Արցախի արտաքին կապերում կունենանք դրական զարգացումներ: