Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով կրկին դիմել է Թուրքիայի սահմանադրական դատարան: Դիմումով թուրքական բարձրագույն դատարանից խնդրվում է Կիլիկիո կաթողիկոսության հայցը դիտարկել առաջնահերթությունների շարքում, քանի որ 2015-ի ապրիլին ներկայացված հայցը դեռևս քննության չի առնվել:
Ինչպես հայտնում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberturk» թերթի կայքին` դիմումը ներկայացրած փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն ասել է, որ այս հայցն իր մեջ պարունակում է ընդամենը գույքի վերադարձ և նպատակ չունի անցյալի իրադարձությունները քննարկելու:
«Եթե հաղթենք, կդիմենք առաջին ատյանի դատարան, որպեսզի ի կատար ածվի սահմանադրական դատարանի որոշումը: Իսկ մեր հայցի մերժման դեպքում կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Սոֆուօղլուն: