Ուզբեկստանի և Ղրղզստանի սահմանին լարվածությունը շարունակում է պահապանվել: Ղրղզստանը կրկին բողոքի նոտա է հղել Ուզբեկստանին՝ անթույլատրելի որակելով Չալասարտ սահմանային վիճելի տարածք զինված ուժեր և ռազմական տեխնիկա մտցնելը և անցակետեր սահմանելը: Ղրղզստանի ԱԳՆ տարածած հայտարարությունում Բիշքեկը նաև իր դժգոհություն է հայտնում Ուզբեկստանին մարտի 18-ին փոխանցած բողոքի նոտային ուզբեկ գործընկերների պատասխանի կապակցությամբ: «Ուզբեկական կողմը չի պատասխանել ղրղզական կողմի հարցադրմանը՝ մասնավորապես Չալասարտ չհամաձայնեցված տարածքից զինված ուժերի և ռազմական տեխնիկայի դուրս բերման և անցակետերի հեռացման մասերով», - ասվում է հաղորդագրությունում: Միևնույն ժամանակ Բիշքեկը պատրաստակամություն է հայտնում իր պահանջների կատարման դեպքում կառուցողական երկխոսություն սկսել Ուզբեկստանի հետ:
Հիշեցնենք, մարտի 18-ին Ուզբեկստանն, առանց ղրղզական կողմին տեղյակ պահելու, սահմանի վերոնշյալ հատվածում զինտեխնիկա և զինվորներ էր մտցել, ինչին ի պատասխան՝ Ղրղզստանը ուժեղացրել էր հսկողությունը իր սահմանի երկայնքով՝ պահանջելով դուրս բերել զինված ուժերն այդ շրջանից: Ղրղզստանում վիճելի համարվող Չալասարտում ուզբեկական զորքերի հայտնվելը համարում են Ղրղզստանի տարածքային ամբողջականության խախտում, սակայն Տաշքենդում պնդում են, որ զինուժը գտվում է Ուզբեկստանի տարածքում, և ամեն տարի` Նովրուզի նախաշեմին, պետական սահմանի հսկողության ուժեղացման միջոցառումներ են ձեռնակվում:
Մարտի 20-ին բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվեց համաձայնության գալ վիճելի այս տարածքում զինուժի կրճատման մասին, սակայն դա լարվածության զգալի թուլացման չբերեց: Մարտի 22-ին Ղրղզստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ Ուզբեկստանի հետ սահմանային վեճը կարգավորելու խնդրանքով: Այժմ ՀԱՊԿ-ն այս հարցի շուրջ խորհրդակացություններ է անցկացնում, իրականացնում է նաև տեղում իրավիճակի ուսումնասիրություն: ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն՝ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում անդամ երկրները պարտավորվում են բազմատեսակ, այդ թվում` ռազմական աջակցություն ցուցաբերել վերջինիս:
Նշենք, որ Ուզբեկստանի և Ղրղզստանի միջև սահմանային նման վեճերը բավականին պարբերական բնույթ են կրում: Խորհրդային միության փլուզումից ի վեր ուզբեկա-ղրղզական սահմանի մոտ մեկ քառորդը շարունակում է մնալ չհստակեցված, ինչը երկու հարևան երկրների միջև պարբերաբար ստեղծում է հակասությունների և լարվածություն: Իրավիճակը ավելի են խորացնում երկու երկրների միջև առկա էթնիկ խնդիրները՝ մասնավորապես Ղրղսատանի՝ Ուզբեկստանին սահմանամերձ շրջաններում մեծ թվով ուզբեկների բնակությունը և հակառակը: Վերջին մի քանի տարիների ընթացքում մերձսահմանային այդ շրջաններում մի քանի խոշոր միջադեպեր են գրանցվել, այնուամենայնիվ, կողմերին հաջողվել է կանխել լարվածությունը խորացումը:
Սակայն, այս վերջին միջադեպն իր լրջությամբ տարբերվում է մյուսներից նրանով, որ Ղրղզստանը այլևս հանդիսանում է ԵԱՏՄ հարավային սահման և այդ կապակցությամբ ՀԱՊԿ և ԵԱՏՄ գործընկերներն ավելի մեծ ուշադրություն են դարձնելու վերջինիս սահմանային անվտանգությանը: