Ժնևում ավարտվել է միջսիրիական բանակցությունների առաջին փուլը, որը տևել է 11 օր և ավարտվել է առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու կամ ընդունելու: Սակայն, ինչպես փաստել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրան, քաղաքական երկխոսություն կողմերի միջև իսկապես տեղի է ունեցել:
«Մենք կարողացանք այս երկու շաբաթների ընթացքում խուսափել բանակցությունները ցուցադրական լքելուց, դրամաներից և ընդդիմախոսներին «սևացնելու» փորձերից: Նույնիսկ հնարավոր է, որ բանակցությունների մասնակիցների միջև փոխըմբռման սկզբունքով փաստաթուղթ ենք ստացել, որից չի հրաժարվել կողմերից ոչ մեկը: Սա նշանակում է, որ հաջորդ անգամ մենք արդեն չենք խոսելու սկզբունքների մասին, այլ պետք է աշխատենք քաղաքական գործընթացի վրա», - նշել է Միստուրան:
Սակայն հարկ է նշել, որ Միստուրայի կազմած 12 կետից բաղկացած ոչ պաշտոնական ցուցակը, որի հիմքում ընկած են հակամարատության կարգավորման բանակցությունների մասնակիցների մոտեցումները, իրականում ներկայացնում է այն սկզբունքները, որոնց շուրջ բանակցային կողմերի միջև առանձնակի հակասություններ չկային էլ: Այսպես, բանակցությունների բոլոր մասնակիցները հանդես են գալիս Սիրիայի միասնության և տարածքային ամբոջականության պահպանման, ինչպես նաև Սիրիայում ժողովրդավարական սկզբունքների և էթնոդավանական բոլոր փոքրամասնությունների, կանանց իրավունքների ապահովման վրա հիմնված պետական կառուցվածքի ստեղծման աջակցությամբ: Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հիմնական խնդիրներն, ինչպես օրինակ անցումային ղեկավար մարմնի ստեղծումը, սահմանադրությունը, ընտրությունները, մնացել են չքննարկված: Հարկ է նշել, որ բանակցությունների ոչ բոլոր մասնակիցներն այս հարցերի շուրջ հստակ պատկերացում ունեն: Միստուրան վերջիններիս հանձնարարել է այդ հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում ընդունել մինչև ապրիլի 9-ը, երբ պետք է մեկնարկի բանակցությունների հաջորդ փուլը:
Այսպիսով, բանակցությունների հետագա ճակատագիրը կախված է հենց այս հարցերի նկատմամբ կողմերի դիրքորոշումներից: Նշենք, որ ընդդիմությունն արդեն ցանկություն է հայտնել բանակցությունների հաջորդ փուլը սկսել առանց նախագահ Բաշար Ասադի և նրա առանցքային նախարարների անցումային կառավարություն ստեղծելու շուրջ քննարկումներից: Հենց այս հարցն է հանդիսանում միջսիրիական բանակցությունների գորդյան հանգույցը: Կառավարական պատվիրակությունը հրաժարվում է քննարկել այս հարցը՝ այն անվանելով կարմիր գիծ, որը մտադիր չեն անցնել: Դամասկոսում առաջարկում են քննարկել ազգային միասնության կառավարություն ստեղծելու հարցը:
Բանակցային գործընթացն արգելակող մյուս խոչընդոտը կողմերի միջև ուղիղ բանակցությունների բացակայությունն է: Ընդհանուր առմամբ, ընդդիմության բոլոր ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնում ուղիղ բանակցություններ սկսել Դամասկոսի հետ, սակայն վերջինս հրաժարվում է Բանակցությունների բարձրագույն կոմիտեի հետ ուղիղ բանակցություններից մինչև վերջիններս ներողություն չխնդրեն իրենց նախկին հայտարարությունների համար: Նշենք, որ ուղիղ բանակցությունների կոչով հանդես են գալիս նաև Վաշինգտոնը և Մոսկվան, որոնց համագործակցության շնորհիվ մեծ հաշվով հնարավոր դարձավ բանակցությունների այս փուլի կայացումը:
Բանակցությունների նոր փուլի հետ կապված ևս վերլուծաբաններն առանձնապես բեկումնային որոշումներ չեն սպասում կողմերից, սակայն ակնկալվում է, որ թեկուզ անուղղակի բանակցությունները կնպաստեն հակամարտության կողմերի դիրքորոշումներում հատման ավելի շատ կետեր գտնելուն: