Այսօր երբեմն հսկա շինությունների, նույնիսկ թաղամասերի և քաղաքների շինարարության արագությունն ուղղակի ապշեցնում է: Այսպես, անցյալ տարի չինական Broad Sustainable Buildings ընկերության աշխատողները երկնաքեր էին կառուցել ընդամենը 19 օրում, և սա նման միակ դեպքը չէ: Հարկ է նշել, որ շինարարության տեմպի նման արագացման հարցում մեծ ներդրում ունի մեր հայրենակից Ստեֆան Ստեփանյանը, ով 1935 թվականին հայտնագործել է բեռնատարի վրա տեղադրված շարժական բետոնախառնիչը (արտոնագիր ԱՄՆ#1,935,922):
Շինարարության ընթացքը մինչ այդ բավականին երկար էր տևում, քանի որ պատրաստի բետոնը մինչև տեղափոխելն արդեն չորանում էր: Հետաքրքիր է, որ այս հայտնագործության համար հայ գյուտարարի կողմից ներկայացված առաջին արտոնագիրը 1916 թվականին մերժվել էր այն համոզմունքի պատճառով, որ բեռնատարը չի կարող դիմանալ բետոնախառնիչի ծանրությանը: Որոշ տեղեկությունների համաձայն էլ հայ գյուտարարի առաջին արտոնագիրը մերժվել է, քանի որ նա այն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքացի չէր:
Նշենք, որ Ստեֆան Ստեփանյանն ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում հաստատվել է 1906 թվականին: Նախ նա Կենտրոնական Օհայոում ղեկավարել է մարմարի քարհանքի աշխատանքները, այնուհետև հիմնել է բետոնի արտադրությամբ զբաղվող Arrow ընկերությունը:
Սեփանյանի հայտնագործությունն իսկապես հեղափոխություն առաջացրեց շինարարության ոլորտում: Իր այս ներդրման համար գյուտարարը 1954 թվականին արժանացել է ԱՄՆ-ի Ցեմենտի ազգային ասոցիացիայի մրցանակին՝ ցմահ դառնալով վերջինիս պատվավոր անդամը: 2004 թվականին ԱՄՆ-ի շինարարների ճանապարհատրանսպորտային ասոցիացիան Ստեֆան Ստեփանյանին ներառել է մասնավոր տրանսպորտային ոլորտի 100 լավագույն մասնագետների ցանկում: