Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Telcell ՓԲԸ բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանի հետ՝ Հայաստանում էլեկտրոնային փող թողարկելու իրավունքի հետ կապված:
-Պարոն Խաչատուրյան, տեղյակ ենք, որ Telcell ընկերությունը ԿԲ-ի կողմից ստացել է էլեկտրոնային փողեր թողարկելու իրավունք: Որքանո՞վ էր ֆինանսատնտեսական ոլորտում զգացվում էլեկտրոնային փողերի ներդրման անհրաժեշտությունը:
Ամբողջ աշխարհում էլ. կոմերցիան հանդիսանում է ֆինանսական շուկայի դինամիկ զարգացող ոլորտ, բացառություն չի կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ բավականին շատ քանակով հաճախորդներ վճարումներ են կատարում ինտերնետ միջավայրում: Telcell ՓԲ ընկերությունը՝ ՀՀ-ի վճարահաշվարկային շուկայի առաջատարը, չէր կարող զերծ մնալ նման դինամիկ զարգացող գործընթացից, ինչով և պայմանավորված էր սեփական էլ. փող թողարկման համակարգ ստեղծելու գաղափարը:
- Ի՞նչ փուլերով է անցել ձեր կազմակերպությունը նման իրավունք ստանալու համար:
Համաձայն ԿԲ-ի կանոնակարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների, ներկայացված է եղել փաստաթղթերի փաթեթ, որում նկարագրված են եղել համակարգի կառուցվածքը, դրանում կիրառված անվտանգության չափանիշերը, ինչպես նաև ռիսկերի կանխատեսման և կանխարգելման մեխանիզմները: Համակարգն անցել է նաև ամբողջական թեսթավորում ընկերության շահագրգիռ ստորաբաժանումների կողմից և ՏՏ անվտանգության պատասխանատուի կողմից:
- Ինչպիսի՞ն կլինի ձեր կազմակերպության կողմից թողարկվելիք էլեկտրոնային փողերի կիրառումը: Կա՞ն դրամական կամ գործարքային սահմանափակումներ, ի՞նչ ոլորտներում դրանք կկիրառվեն և ո՞ր իրավաբանական անձիք կարող են օգտվել դրանցից:
Էլեկտրոնային փողի միջոցով հնարավոր կլինի կատարել վճարումներ տարատեսակ ծառայությունների դիմաց, որոնք արդեն իսկ միացված են Telcell համակարգին, վերջիններիս ցանկը կհամալրվի նաև այնպիսի ծառայություններով, որոնք նախատեսված են հատկապես օնլայն միջավայրի համար: Սահմանափակումները կիրառվում են ԿԲ-ի կողմից սահմանված կարգով: Օգտվողները բոլոր այն իրավաբանական անձինք են, որոնք ցանկանում եմ համագործակցել ընկերության հետ:
- Ի՞նչ հնարավորություններ կտա հայ գործարարին էլեկտրոնային փողերի կիրառումը:
Հայ գործարարին հնարավորություն է ընձեռվում իր սեփական բիզնեսն ընդլայնել և տեղափոխել օնլայն հարթակ՝ դրանով իսկ ներգրավելով ավելի մեծ հաճախորդների ցանց:
- Այս նորամուծության հետ կապված, հանրության շրջանում իրազեկման ինչպիսի՞ միջոցառումներ եք պատրաստվում իրականացնել:
Մենք պլանավորում ենք բավականին ակտիվ և զանազան մարքեթինգային քայլեր ձեռնարկել հաճախորդներին ներգրավելու համար: