Նախորդ շաբաթ տեղի ունեցած դեմոկրատ թեկնածուների ընտրությունների առաջին փուլի (փրայմերիզի) արդյունքում Հիլարի Քլինթոնն, ով մինչ այդ թվում էր թե հաստատակամ առաջ է անցել իր հիմնական մրցակից Բերնի Սենդերսից, պարտվեց ԱՄՆ երեք նահանգներում` Վաշինգտոնում, Հավայիում և Ալյասկայում: Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված Քլինթոնի պարտությունը միաժամանակ երեք նահանգներում, պետք է անդրադառնալ երկու հիմնական գործոնների:
Առաջինը գործոնը պայմանավորված է նրանով, որ ընտրությունները մինչ այս ընթանում էին ԱՄՆ ավելի պահպանողական նահանգներում` Ալաբամա, Արկանզանս և այլն, որտեղ Քլինթոնը հիմնականում ավելի մեծ աջակցություն է վայելում: Փոխարենը՝ Վաշինգտոնը, Ալյասկան և Հավային համարվում են ավելի լիբերալ նահանգներ և այստեղ առաջադեմ երիտասարդները հիմնականում դեմ են Քլինթոնին: Վերջիններիս գրավում է Քլինթոնի հակառակորդ Բերնի Սենդերսի նախընտրական պայքարում օգտագործվող հիմնական թեզերը, որոնց հիմքում դրված է սոցիալական հավասարությունը:
Սանդերսն իր ընտրական քարոզարշավում բազմիցս բարձրաձայնել է Քլինթոնների ընտանիքի՝ Wall Street-ի հետ ունեցած մութ կապերի մասին՝ առաջարկելով բարձրացնել ԱՄՆ ունևոր խավի հարկերը, ինչը երիտասարդներին անվճար կրթություն ստանալու հնարավորություն կընձեռի: Այս առումով թերևս պատահական չէ, որ Քլինթոնը 2008 թվականի ընտրությունների առաջին փուլում նույնպես վերը նշված երեք նահանգներում պարտվեց Օբամային:
Երկրորդ, մինչ այս գրանցված ընտրությունների արդյունքները փաստում են, որ ի տարբերություն Քլինթոնի, Սենդերսին ավելի դյուրին է տրվում հաղթանակը կոկուսներում (երբ թեկնածուների աջակիցները չեն քվեարկում փակ ընտրատեղամասերում, այլ հավաքվում են հանրային տարբեր հաստատություններում և այնքան ժամանակ են բանավիճում, մինչև թեկնածուներից որևէ մեկի ներկայացուցիչներին հաջողվում է հակառակ ճամբարից իրենց կողմը գրավել ընտրողների մեծամասնությանը): Մինչ այս տեղի ունեցած դեմոկրատների երեք կոկուսներից 2-ում հաղթել է հենց Սենդերսը:
Սա կարելի է բացատրել երկու հիմնական հանգամանքով. առաջին, ինչպես նշեցինք, Սենդերսի աջակիցների բանակում հիմնականում երիտասարդ ընտրողներն են, ովքեր չեն զլանում և կարողանում են մի քանի ժամ շարունակ բանավիճել: Բացի այդ, ի տարբերություն Քլինթոնի, Սենդերսն ավելի քիչ է ճանաչված ԱՄՆ նահանգներում և կոկուսները նրան հնարավորություն են տալիս ճանաչում ձեռք բերել, ինչն էլ օգնում է նրան հաղթել:
Եզրափակելով՝ եթե փորձենք կանխատեսումներ անել, ապա պետք է փաստենք, որ չնայած վերջին հաղթանակներին՝ ընտրությունների առաջին փուլում Սենդերսի հաղթելու հնարավորությունները դեռևս այդքան մեծ չեն: Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար դեմոկրատ թեկնածուին անհրաժեշտ է 2,383 ձայն, մինչդեռ Սեդերսը դեռևս ունի 1.011 ձայն, իսկ Քլինթոնը՝ 1,712: Հետևաբար, առաջին փուլում դեմոկրատների թեկնածու նշանակվելու համար, Սենդերսը պետք է հաջողություն գրանցի մնացած 23 նահանգների կեսից ավելիում:
Եթե փորձենք կանխատեսումները կապել վերը նշված երկու գործոնների հետ, ապա այստեղ ևս առկա իրավիճակը չի բխում Սենդերսի շահերից: Մնացած 23 նահանգներից միայն 6 են դասվում ԱՄՆ այսպես կոչված միանշանակ լիբերալ նահանգների շարքին: Ինչ վերաբերում է մյուս գործոնին՝ ընտրության անցկացման կարգին, 23 նահանգներից միայն երեք նահանգներում են անցկացվելու կոկուսներ, մյուս նահանգներում ընտրությունները լինելու է փակ քվեարկությամբ:
Այնուամենայնիվ, սխալ կլինի ասել, որ դեմոկրատների դեպքում ամեն ինչ արդեն հստակ է, քանի որ ինչպես ցանկացած երկրում, ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրություններում հնարավոր են անկանխատեսելի զարգացումները և դրանից բխող կտրուկ շրջադարձերը: