Հայաստանի անկախության հռչակումից անցել է մոտ 25 տարի և կարելի է վստահությամբ ասել, որ Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, կայացել է: Սակայն, հարկ է նշել, որ դեռևս կան պետություններ, որոնք չեն ճանաչում Հայաստանի անկախությունը. խոսքը մասնավորապես Պակիստանի և Սաուդյան Արաբիայի մասին է: Այս երկու իսլամական պետությունները իրենց կողմից Հայաստանի անկախությունը չճանաչելը բացատրում են ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելով և Ադրբեջանին այս հարցում ցուցաբերվող աջակցությամբ:
«Պակիստանը չի ճանաչում Հայաստանը, քանի որ վերջինս ագրեսոր է: Պակիստանը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում աջակցում է Ադրբեջանին», - նշել է Պակիստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մուշահիդ Հուսեյնը:
Այդ նույն հանձնաժողովի մեկ այն ներկայացուցիչ վստահորեն նշում է, որ «Պակիստանը չի ճանաչում և չի էլ ճանաչելու Հայաստանին»:
Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչները ևս բազմիցս հայտարարել են, որ թագավորությունը Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի հանդեպ վերջինիս «օկուպացիոն» քաղաքականության համար և Հայաստանի հետ Էր-Ռիադը որևէ շփում չի ունենա, քանի դեռ վերջինս չի լքել «օկուպացված ադրբեջանական տարածքները»:
Սակայն, ի տարբերություն Պակիստանի, Սաուդյան Արաբիայի դեպքում կարելի է ասել երկու երկրների միջև կայուն կապերի մասին, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը: Այս մասին վկայում են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները, ինչպես նաև այն փաստը, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նաիֆ Աբդուլ Ազիզը Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական մարեմաղթանք էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նշենք, որ գոյություն ունի պետության ճանաչման երկու ձև՝ իրավական և փաստացի: Իրավական ճանաչումը իր հերթին ենթադրում է դե-յուրե և դե-ֆակտո ճանաչում: Դե-յուրեն պետության ամբողջական ճանաչումն է, ինչը նշանակում է ճանաչված և ճանաչող երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Դե-ֆակտո ճանաչումը ոչ ամբողջական և ոչ վերջնական իրավական ճանաչում է, երբ կողմերի միջև կնքվում են երկկողմ համաձայնագրեր, սակայն դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում: Փաստացի կամ ոչ պաշտոնական ճանաչումը ենթադում է միմյանց չճանաչած երկու երկրների միջև մշտական կամ էպիզոդային հարաբերությունների հաստատում առկա խնդիրների կարգավորման նպատակով:
Պետությունների միջազգային իրավական ճանաչումը միակողմ պետական ակտ է, որի միջոցով իրավականորեն ճանաչվում է միջազգային իրավունքի նոր սուբեյտի ի հայտ գալը վերջինիս հետ դիվանագիտական կամ այլ բնույթի հարաբերութունների հաստատման համար: