Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանն «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում Ղարաբաղում ներկայիս դրությունը բնութագրել է որպես ռազմական՝ իր բոլոր ատրիբուտներով: Անդրադառնալով առաջնագծից լուրերին պատգամավորը նշել է, որ «հյուսիսային հատվածում մերոնք դիրքերը վերականգնել են, հարավային հատվածում տեղայնացված մարտեր են տեղի ունենում, իսկ հրետանակոծությունն ընդհանուր առմամբ շարունակվում է»:
Չնայած նման դրությանը, Հայկ Խանումյանը արձանագրում է, որ Արցախում մարդիկ հանգիստ են: «Այնքան մեծ է տեղի բնակչության, հարևան մարզերից և Երևանից եկածների ցանկությունը մասնակցելու գործընթացին, որ այդ մեծ ակտիվությունն արդեն դառնում է խնդիր», - նշել է Խանումյանը:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունից ակնկալիքներին, ապա պատգամավորը կարծում է, որ ներկայիս իրավիճակում միջազգային հանրությունը միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով կարող է ազդել կարգավորմանը: «Սա կլինի, թե՝ ոչ, կախված է մեր աշխատանքից և մասնավորապես Հայաստանի Հանրապետության դիրքորոշումից: Պետք է խոսել ոչ թե ռազմաքաղաքական դաշինքի մասին, այլ պաշտոնական ճանաչման մասին: Ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նոր գործընթացի հիմք դնի», - նշել է Խանումյանը: