Առաջնագծում մարտերը շարունակվում են, և ԼՂՀ Պաշտպանության Բանակը հաջող մարտեր է մղում: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում Արցախից հայտնեց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Ինչ վերաբերվում է բնակչությանն, ապա մարդիկ փորձում են իրենց ուժերի ներածին չափով օգտակար լինել Զինված Ուժերին:
Մարտական ոգին բարձր է ինչպես բնակչության, այնպես էլ բանակի և կամավորների շրջանում: Բոլորը մեկ նպատակ ունեն` պատժել Ադրբեջանին նման գործողություններից զերծ մնալու համար:
Խոսելով ադրբեջանական հերթական ոտնձգության պատճառների մասին՝ Մայիլյանը նշեց, որ, ըստ էության, նոր բան չկա: Ադրբեջանի քաղաքականությունը շարունակվում է, փոխվել են միայն ծավալները, ավելացել է ինտենսիվությունը:
«Արդեն մի քանի տարի շարունակ Ադրբեջանը ռազմական դիվանագիտություն է որդեգրել և փորձում է առաջնագծում լարվածություն ստեղծելով՝ միակողմանի զիջումներ կորզել: Բայց քանի որ դա տեղի չի ունենում, նրանք փորձում են բարձրացնել լարվածության աստիճանը և ծավալները: Բայց մերոնք նորից կարողացան կանխել դա, դեռ ավելին, մեծ կորուստներ հասցրին թշնամուն թե՛ կենդանի ուժի, թե՛ տեխնիկայի առումով: Հուսով եմ՝ Ադրբեջանը նաև տարածքային կորուստներ կունենա», - նշեց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը:
Միջազգային հանրությունից Արցախում մեծ ակնկալիքներ չունեն, վաղուց արդեն հասկացել են, որ անհասցե հայտարարություններից ոչ մի օգուտ չկա:
«Մենք միայն մեր ուժերին ենք ապավինում, և դա է մեր հաջողության գրավականը», - եզրափակեց Մասիս Մայիլյանը: