«Արցախյան դիմադրությունը դառնում է ո՛չ միայն հզոր ռազմական ուժ, այլև բոլորովին անսպասելի գաղափարական մարտահրավեր առկա պոստմոդեռն ապրելակերպին, որտեղ ժողովուրդը ժողովուրդ չէ, կառավարությունը կառավարություն չէ: Որտեղ խաղաղ պայմաններում կատարյալ մարդ է համարվում սպառող մարդը, իսկ ծանր պայմաններում՝ փախչող մարդը՝ փախստականը:
Դա է պատճառը, որ աշխարհն այժմ վախեցած աչքերն է տրորում, հետևում ժպտացող տղամարդկանց, ովքեր պատրաստվում են կռվել ու պայքարել հանուն իրենց եղբայրների, հողի, հանուն այն տղայի, որին սպանեցին հենց դպրոցի շեմին:
Եթե ղարաբաղցիները փախչեին, նրանք ամենայն հավանականությամբ մի քանի գերմանական գյուղեր կստանային իրենց տրամադրության տակ, կլվային ոտքերը Հռոմի Պետրոսի հրապարակում, նրանց հետևից կվազվզեին BBC-ի և CNN-ի լրագրողները:
Իսկ նրանք չեն փախչում: Ընդհակառակը, հայ միլիոնատերը հարազատ որդուն դուրս է հանում իր հարմարավետ Օքսֆորդի համալսարանից և ուղարկում պայքարելու, և ոչ թե էլիտար զորամասեր, այլ հենց առաջնագիծ ռուսական «սոլնցեպյոկերի» տակ, քանի որ իր համար շատ ավելի կարևոր է ունենալ տղամարդ որդի, քան առաջատար տնտեսագետ որդի:
Ես շատ մտահոգված եմ Արցախով: Ես շատ նախանձում եմ Արցախին, որտեղ լեռնային օդում այնքան խիտ է կենտրոնացած կյանքի իմաստը, որ այն կարող ես ուտել անգամ գդալով, ինչպես տաք սպասը», - նման գրություն է թողել ֆեյսբուքյան իր էջում Ռուսաստանի քաղաքացի Դենիս Դվորնիկովը: