Ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերսկսված ռազմական գործողությունների հետ կապված ադրբեջանական հասարակության արձագանքների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ:
Ապիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկման վերաբերյալ ադրբեջանական հասարակության մոտեցումները միանշանակ չէին: Սկզբնական շրջանում սոցցանցերի ադրբեջանական օգտատերերը սկսեցին ակտիվորեն մեղադրել Ռուսաստանին ռազմական գործողությունների վերսկսման մեջ: Լայն տարածում էին ստանում Գյունդուզ Աղաևի` «հակապուտինյան» ծաղրանկարները: Սակայն, կարճ ժամանակ անց, երբ հստակ դարձավ, որ պատերազմը սանձազերծողը հենց իրենց իշխանություններն են, տրամադրությունները փոխվեցին:
Ադրբեջանական աղբյուրների տարածած ապատեղեկատվությունն` իրենց բանակի հաջողությունների և տարածքների «ազատագրման» վերաբերյալ մեծ ոգևորություն էին առաջացրել ադրբեջանցիների շրջանում: Սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում էին սպանված հայ զինվորների, «ազատագրված» տարածքների վերաբերյալ կեղծ նկարները: Սակայն ոգևորության այդ ալիքն էլ երկար չտևեց, երբ հայտնի դարձան փաստեր ադրբեջանցի զոհերի, իսկ փոքր ինչ անց` հայերի կողմից այդ տարածքների հետբերման վերաբերյալ: Այդ առնչությամբ, ադրբեջանցի լրագրող Շահվելեդ Չոբանօղլուն գրում է. «Ես հավատում եմ ադրբեջանցի զինվորին, ադրբեջանցի ժողովրդին, Ադրբեջանի ապագային, բայց չեմ հավատում պատերազմ վարող բանակի հրամանատարությանը…»:
Ադրբեջանական հասարակական տրամադրությունների ընկալման համար անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք` նախ, Ալիևի վարած հակահայկական և ռազմատենչ քարոզչությունը հսկայական դերակատարում ունի հատկապես երիտասարդ ադրբեջանցիների շրջանում ռևանշիստական տրամադրությունների սերմանման հարցում, ինչը երևաց նաև այս օրերին:
Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ փոքր ինչ բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները շատ լավ հիշում են 90-ականների պատերազմի հետևանքները` քաջ գիտակցելով, որ Ադրբեջանի ներկայիս ռազմական հրամանատարության կարկառուն ներկայացուցիչները նույն այն մարդիկ են, ովքեր նախորդ պատերազմի ժամանակ փախել են մարտի դաշտից և որևէ վստահություն չեն ներշնչում:
Գյունդուզ Աղաևիի ծաղրանկարները՝