Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ստեփանակերտ, ինչպես նշել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն՝ առաջին ձեռքից տեղեկանալու ռազմական գործողությունների ժամանակ բռնությունների մասին: Սակայն, Արցախում այս այցի հետ կապված առանձնակի հույսեր չունեն: «Բանակցային գործընթացից ակնկալիքներ չունեմ: Մինչ այժմ նրանք փորձել են ինչ-որ բանի հասնել, սակայն՝ անարդյունք: Առաջարկված սկզբունքները (խմբ. Մադրիդյան դրույթները) կողմերից ոչ մեկին չեն բավարարում, և ոչ մի կողմ չի համաձայնում դրա հետ, հակասությունները շատ են», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է ««Արցախ» Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ ղեկավար Իրինա Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ ժամանակն է կողմերին ինչ-որ նոր բան առաջարկել:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ տիկին Գրիգորյանը նշեց, որ իրավիճակը վատն է այն առումով, որ մեր տղաները զոհվում են: «Միևնույն ժամանակ շատ անհասկանալի է այս լարվածությունը: Դեռ պարզ չի, թե ինչի կարող է այն հանգեցնել և ինչով կվերջանա», - նշել է նա: «Ամեն դեպքում, այն նպատակը, ինչին ձգտում էին ադրբեջանցիները, չեն հասել: Մեր տղաները լավ հակահարված տվեցին թշնամուն, և նրանք բավականին մեծ զոհեր ունեցան՝ չնայած գտնում եմ, որ ոչ մի կողմից զոհ չպետք է լինի. բոլոր տղաներն էլ մայրեր, ընտանիքներ ունեն», - հավելել է Իրինա Գրիգորյանը: