Ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերսկսված ռազմական գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի և բանակցություններից Ստեփանակերտի ակնկալիքների հետ կապված ադրբեջանական հասարակության արձագանքների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանի հետ:
- Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Ղարաբաղում ներկա պահին:
- Ներկա պահին իրավիճակը կայուն լարված է: Արցախը ապրում անորոշ իրավիճակին բնորոշ կյանքով. քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, և քաղաքացիական պաշտպանության, ինժեներական և թիկունքային հարցերով օպերատիվ շտաբը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, աշխատում են ուժեղացված ռեժիմով: Պաշտպանության բանակը մարտական բարձր պատրաստվածության է բերված: Արցախում այժմ շատ ուժեղ զգացվում է հայ ժողովրդի եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք: Աշխարհի տարբեր ծայրերից եկած բազմաթիվ հայ կամավորները, քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ԶԼՄ-ներ այժմ այստեղ են մեզ հետ: Ամբողջ աշխարհից տարբեր մարդկանց և հայկական կազմակերպությունների մեծ օգնություն կա, մենք միասնական ազգ ենք, որը մեծ ներշնչանքով այժմ միավորվել է Արցախի շուրջ: Ըստ իմ դիտարկումների՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա, մի քանի անգամ ավելի ուժեղ 90-ականներին տեղի ունեցողից...
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում էին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք բանակցություններից:
-Իմ կարծիքը հետևյալն է. քանի դեռ համանախագահները հստակ չեն հայտարարել այն մասին, որ բանակցություններին առանց Արցախի մասնակցության հարցը չի կարող լուծվել, քանի դեռ չկա շփման գծում իրավիճակի դիտարկում և չկա ուղղակի ցուցում, թե որ կողմի մեղքով է հրադադարը խախտվել, ես ոչ մի դրական բան չեմ ակնկալում, բացի հրադադարի պահպանմանը համանախագահների աջակցությունից: