Դավութօղլուն կարևորել է Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին

20:40     8 ապրիլի, 2016

Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Թուրքիան կամ մեկ այլ երկիր մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: Այս մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ermeniahaber-ը՝ հղում կատարելով Haberler.com թուրքական լրատվական կայքին:  

Լրագրողների հարցին, թե որոնք պետք է լինեն Թուրքիայի քայլերը այս իրավիճակում և արդյոք կարիք կա փոխելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցվածքը, Դավութօղլուն ի պատասխան մասնավորապես, ասել է.

«Գիտեք, որ մենք Մինսկի խմբի անդամ ենք: Բայց քանի դեռ ողջ գործընթացն առաջ են տանում 3 համանախագահները, մյուս անդամները դրանից դուրս են մնում: Եվ ավելին, այդ 3 երկրներում բավական հզոր հայկական լոբբի կա: Այդ իսկ պատճառով այստեղ չի կարող խոսք լինել հավասարակշռված գործընթացի մասին: Բնականաբար Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Թուրքիան կամ մեկ այլ երկիր մասնակցի գործընթացին»:

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան Գերմանիայի հետ միասին նախաձեռնությամբ է հանդես եկել բոլոր անդամ երկրների մասնակցությունը գործընթացին ապահովելու համար:

 


© armedia.am