«Հիբրիդային» պատերազմ (hybrid warfare) եզրույթը շրջանառության մեջ է դրվել 20 դարի վերջին ԱՄՆ-ում՝ ռազմական դոկտրինը բնորոշելու համար, որն իր մեջ միավորում է սովորական պատերազմը, փոքր պատերազմը և կիբերպատերազմը: Ներկայում «հիբրիդային» պատերազմը հանդիսանում է պատերազմի առաջատար տեսակ, սակայն որի առանձին բաղադրիչներ թե՛ նախկինում, թե՛ այժմ առանձին լայնորեն օգտագործվում են: Ըստ Հոֆմանի, ով առաջինն է ԱՄՆ-ում ներմուծել այս հասկացությունը, «հիբրիդային պատերազմները նոր չեն, ուղղակի ամեն անգամ նրանք տարբեր են»: Հիբրիդային պատերազմը միշտ հանկարծակի է սկսվում, ուստի զինվորականները պետք է նախապես սովորեն, թե ինչպես գործ ունենան անսպասելի սպառնալիքների հետ:
ՆԱՏՕ-ի կոալիցիոն և ազգային կառույցներում այս հասկացությունը լայն տարածում է ստացել դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի նախաձեռնությամբ՝ Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո և նպատակ ուներ ներկայացնել «Ռուսաստանի գաղտնի ագրեսիվ գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին»: Ըստ ՆԱՏՕ-ի մասնագետների՝ «հիբրիդային» գործողություններն իրենցից ներկայացնում են նպատակներով, խնդիրներով, վայրով ու ժամանակով համաձայնեցված միջոցառումներ և ակցիաներ, որոնք ուղղված են որևէ երկրի վրա պահանջվող ազդեցությունն ապահովելու համար՝ առանց ուժային կառույցներն ուղղակի և ակնհայտ օգտագործելու: «Հիբրիդային» գործողություններ վարելու հիմնական սկզբունքներն են համարվում պատեհությունը, հանկարծակիությունը և գաղտնիությունը:
«Հիբրիդային» գործողություններ վարելու ձևերն ու մեթոդներն են.
- տեղեկատվական գործողություններ, որոնք անցկացվում են թշնամու պետական և ռազմական կառավարման մարմինների վրա ազդելու նպատակով՝ նրան մոլորեցնելու, տվյալների փոխանակումը խախտելու և իր համար ոչ բարենպաստ որոշումներ կայացնելու համար,
- հոգեբանական գործողություններ, որոնք ուղղված են հակառակորդի բնակչության բարոյահոգեբանական վիճակը և ԶՈՒ անձնակազմի մարտական ոգին ճնշելուն, հասարակությունում անվստահության մթնոլորտի ստեղծմանը և կործանարար գործողությունների մոտիվացիայի ձևավորմանը,
- կիբերհարձակումներ պետական և առևտրային ենթակառուցվածքների վրա՝ հակառակորդի չափազանց կարևոր օբյեկտները շարքից հանելու կամ աշխատանքը դժվարեցնելու, ինչպես նաև «զգայուն» տեղեկություններին չարտոնված մուտք ստանալու նպատակով,
- տնտեսական էմբարգո, ներդրումների դադարեցում, էներգակիրների մատակարարման դադարեցում, ապրանքաշրջանառության արգելափակում այն պետությունների նկատմամբ, որոնք խոչընդոտներ են ստեղծում «հիբրիդային գործողությունների» նպատակներին հասնելու համար,
- ընդդիմադիր շարժումների բողոքի ակցիաներ, տեղական իշխանության կառույցներում տեղավորված «ազդեցության գործակալների» ապակառուցողական գործողություններ, որոնք աջակցում են տարածքի ինքնորոշման գաղափարին,
- զինված հարձակումներ և դիվերսիոն գործողություններ, որոնք իրականացվում են անջատական ուժերի և ահաբեկչական կառույցների, ինչպես նաև առանց պետության պատկանելություն ցույց տվող նշանների հատուկ զորախմբերի կողմից:
Այս ամենի հետ մեկտեղ ՆԱՏՕ-ն առանձնացնում է նման գործողությունների համար բնորոշ մի շարք թերություններ ու սահմանափակումներ, այդ թվում՝ բարձր քաղաքական ռիսկը, ազգային տնտեսության վրա մեծ ծանրաբեռնվածությունը, հատուկ ստորաբաժանումների անձնակազմերի համար զգալի վտանգը, պետական և մասնավոր կառույցների միջև փոխգործակցություն կազմակերպելու բարդությունը:
Սակայն նշենք, որ ՆԱՏՕ-ն և կառույցի առաջատար անդամներն արդեն 20 տարի ակտիվորեն կիրառում են «հիբրիդային» մեթոդներն՝ աշխարհի տարբեր շրջաններում իրենց ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար: Այն իրականացվում է այսպես կոչված «համապարփակ մոտեցման մեջ՝ անվտանգություն ապահովելու համար»: Այս մոտեցման գործնական կիրառումն ենք տեսնում Եվրասիական մայրցամաքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, երբ Արևմուտքի կողմից վերացվում է անցանկալի ռեժիմը՝ հիմնվելով ներքին ընդդիմության ուժերի վրա, «գունավոր հեղափոխությունների» իրականացումը:
Այսպիսով, «հիբրիդային» գործողություններ հասկացությունն իր մեջ կրում է բացասական իմաստ, քանի որ ենթադրվում է, որ դրանց շրջանակներում իրականացվող գործողությունները կրում են ոչ բարոյական, անօրինական, նենգ և ուխտադրուժ բնույթ: Սակայն, ՆԱՏՕ-ի կողմից «հիբրիդային» գործողությունները ճանաչվում են որպես ռազմական-ռազմավարական նպատակներին հասնելու բավականին արդյունավետ ձև:
«Հիբրիդային» պատերազմը ոչ նոր, սակայն պատերազմի կարևոր տեսակ է, որը վարում են ոչ այնքան հրանոթներով ու տանկերով, ինչքան քաղաքական քարոզչության ուժերով, ահաբեկչությամբ, ապատեղեկատվությամբ և թշնամու վրա տնտեսական ճնշում գործադրելով: Փաստորեն, «հիբրիդային» գործողություններիդեպքում օգտագործվում է հակառակորդի վրա ճնշում գործադրելու միանգամից մի քանի լծակ, որոնց մեջ մարտական գործողությունները չնայած կարևոր, սակայն ընդամենը մի մասն են: