ԼՂՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած քառօրյա պատերազմը բարձրացրեց և շարունակում է բարձրացնել հարցեր, որոնցից որոշներն, անգամ չունենալով միանշանակ պատասխան, կարիք ունեն բարձրաձայնման ու քննարկման: Այն, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հենց ադրբեջանական կողմը նախահարձակ եղավ՝ սկսելով լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, կասկածի որևէ առիթ չի տալիս, և այս մի քանի օրերի ընթացքում բերվել են դա ապացուցող բազմաթիվ փաստեր ու փաստարկներ:
Այս համատեքստում, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատասխանատվության աստիճանն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների համար, և թե ինչու այդքան ուշացավ նրանց արձագանքը՝ կապված ապրիլի 2-ին ստեղծված իրավիճակի հետ, երևի թե մնում են առավել քիչ քննարկված հարցերից:
Ունենալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ մանդատը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ողջ տարիների ընթացքում ոչ միայն չեն կարողացել զսպել Ադրբեջանին և այնպես անել, որ վերջինս կատարի կրակի դադարեցման իր ստանձնած պարտավորությունը, այլև տուրք տալով Ադրբեջանի իշխանությունների շանտաժներին՝ նպաստել են նրա սանձարձակությանը:
Համանախագահների՝ Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի լավագույն օրինակն Ալիևի՝ ելույթներից մեկում հնչեցրած «ովքե՞ր են ընդհանրապես այդ միջնորդներն» արտահայտությունն է՝ մեղադրելով համանախագահներին հակամարտությունը սառեցնելու և ոչ թե կարգավորելու ձգտումների մեջ: Համանախագահները նման ցինիկությանը ոչ միայն համապատասխան արձագանք չտվեցին, այլև հրադադարի խախտումները դատապարտող իրենց հայտարարություններում շարունակեցին չհասցեագրված կոչերով հանդես գալ՝ հավասարության նշան դնելով կողմերի միջև: Հենց այս հանդուրժող վերաբերմունքն էր, որ «ոգևորեց» Ադրբեջանին ԼՂՀ-Ադրբեջան սահմանին դիմել բլիցկրիգի՝ վստահ լինելով, որ այս անգամ էլ միջնորդները կմնան լուռ:
Իսկ ինչպինի՞ն էր միջնորդների կեցվածքը քառօրյա պատերազմի ընթացքում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալումից հետո, երևի թե, շատերն էին ակնկալում, որ միջնորդները հնարավորինս շուտ քայլեր կձեռնարկեն՝ զսպելու ստեղծված իրավիճակի հետագա զարգացումը: Սակայն, հայտարարվեց, որ համանախագահները կհանդիպեն միայն ապրիլի 4-ին Վիեննայում, իսկ ապրիլի 5-ին կհրավիրեն Մինսկի խմբի նիստ՝ քննարկելու լարվածության նվազեցմանը վերաբերող հարցեր:
Իսկ արդյո՞ք հարցի քննարկման նման ուշացումը չուներ իր պատճառները: Ամենայն հավանականությամբ նման քայլով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձեցին ընդգծել իրենց կարևորությունը հակամարտության կարգավորման գործընթացում՝ ցույց տալով կողմերին, որ առանց իրենց միջնորդության պատերազմը չի դադարի: Սեփական բացթողումները և թերացումներն այս կերպ լրացնելը, սակայն, արժեցան բազմաթիվ մարդկային կյանքեր: Մի՞թե սա այն թույլատրելի կեցվածքն էր, որ համանախագահները կարող էին որդեգրել հակամարտության նման սրման պարագայում: