Հունգարիայի հայկական համայնքն ապրիլի 24-ին նախատեսում է բողոքի ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը:
«Միջոցառումը կմեկնարկի Բուդապեշտում տեղադրված խաչքարի մոտից, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն, ծաղկեպսակ կդնեն՝ հարգելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև համայնքի ներկայացուցիչները կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն: Այնտեղ, պաստառներով, համապատասխան կոչերով, մեր բողոքի ձայնը կբարձրացնենք՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Ալեքս Ավանեսյանը:
Նրա խոսքով, Հունգարիայում թուրքերն ու ադրբեջանցիները, սովորաբար, փորձում են խանգարել հայկական համայնքին: Մասնավորապես, վերջին շրջանում տեղի հայկական համայնքը նպատակ է դրել Հունգարիայի տարբեր քաղաքներում խաչքարեր տեղադրել: Արդեն որոշ քաղաքներում համայնքը հաջողություններ գրանցել է, տեղի իշխանություններից խաչքարը տեղադրելու թույլտվություն է ստացել:
«Իհարկե, ադրբեջանցիներն ու թուրքերը փորձում են խանգարել, նրանք մեծ ֆինանսական միջոցներ են դնում շրջանառության մեջ, բայց մենք աշխատում ենք և բավական հաջող է ստացվում: Մենք կամաց-կամաց մեր գործն առաջ ենք տանում»,-ավելացրեց Ալեքս Ավանեսյանը:
Նա ընդգծեց, որ Հունգարիայի հայ համայնքը չի գործում միայն ապրիլի 24-ին կամ դրան հաջորդող ու նախորդող օրերին: Հայ համայնքը փորձում է աշխատել ամբողջ տարվա ընթացքում՝ կապի մեջ լինելով տեղի զանգվածային լրատվամիջոցների, գիտական և այլ հատվածի ներկայացուցիչների հետ: Հունգարիայի հայ համայնքն իր ուշադրության առանցքում է պահում նաև ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցերը: