Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցչի՝ Իվետա Մուկուչյանի հետ:
- Ինչպե՞ս ստացաք Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու հրավերը, և ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:
- Թեև եվրատեսիլյան թեմաներում իմ անունը վերջին տարիներին բավական հաճախ էր շրջանառվում, անասելի զգացողություններ ունեցա, երբ պաշտոնապես զանգ ստացա Հանրային հեռուստաընկերությունից և ինձ ասացին, որ այս տարի ես եմ ներկայացնելու մեր երկիրը Եվրատեսիլում՝ եվրոպական ամենահայտնի մրցույթներից մեկում: Շատ ուրախ էի, սակայն միաժամանակ էլ պատկերացնում էի, թե ինչ պատասխանատվություն է ընկնում ուսերիս:
- Դուք ոչ միայն «LoveWave» երգի կատարողն եք, այլև բառերի հեղինակը: Ինչպե՞ս են ծնվել այդ խոսքերը:
- Այո´, ես եմ գրել «LoveWave» երգի խոսքերը Ստեֆանի Քրաթչֆիլդի հետ միասին: Իրականում ես մի քանի տարբերակ էի գրել, վերջում այս տարբերակի վրա կանգ առանք: Երգն ամբողջությամբ ներկայացնում է իմ ներաշխարհը, զգացողությունները, այն սիրո ալիքը, որը յուրաքանչյուրին կարող է վարակել, տանել: Երգն ամբողջությամբ հիմնված է իմ զգացողությունների ու կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների վրա:
- Ո՞րն է «LoveWave» երգի և տեսահոլովակի հիմնական գաղափարը և ուղերձն աշխարհին:
- Ես այս երգում փորձել եմ ներկայացնել սիրո զգացմունքն իր բոլոր նրբություններով ու առանձնահատկություններով: Խոսքն այն ուժի մասին է, որը մեկ ակնթարթում կարող է փոխել ամեն ինչ՝ առաջացնելով նոր փոթորիկ, նոր խառնաշփոթ, իսկ երբեմն նույնիսկ խաղաղություն և ներդաշնակություն բերել:
«LoveWave» երգում նկարագրվում է, թե ինչպես մի երևույթը կամ մի անհատը կարող է այնքան մեծ ազդեցություն ունենալ, որ ընդամենը վայրկյանների ընթացքում կարող փոխի թե՛ մարդուն, թե՛ նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը կարողանում է տեղաշարժել երկրակեղևը: Ինչպես երկրաշարժը կարող է տակնուվրա անել աշխարհը, այնպես էլ սերը կարող է տակնուվրա անել մարդու սիրտը:
- Ինչպիսի՞ն են երգի և տեսահոլովակի վերաբերյալ արձագանքները:
- Իրականում չեմ հետևում համացանցային քննարկումներին, սակայն ինչ կարծիքներ էլ լսել եմ, հիմնականում դրական են, ինչն իհարկե ոգևորում է և կօգնի մայիսի 10-ին լավագույնս ելույթ ունենալ: