Ցանկացած հակամարտության վերաբերյալ բառակազմի օգտագործումն ունի իր նրբությունները և այս կամ այն տերմինի օգտագործումն արտահայտում է հստակ դիրքորոշում: «Արմեդիա» ՏՎԳ-ն արդեն իսկ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը վերբերող մի շարք տերմինների կիրառմանը: Ստորև կանդրադառնանք հակամարտության սխալ անվանման հետ կապված բավական հաճախ հանդիպող խնդրին:
Միջազգային կազմակերպությունների, միջնորդների և այլ երկրների ներկայացուցիչների կողմից օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» կամ «ԼՂ հակամարտություն» անվանումը: Սա դիտարկվում է, որպես առավել չեզոք անվանում՝ արտահայտող հակամարտության առարկա հանդիսացող տարածքի անվանումը: Ադրբեջանական կողմը փորձում է շրջանառության մեջ դնել «Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածքների շուրջ հակամարտություն» անվանումը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի՝ նախկին ԼՂԻՄ տարածքի և ազատագրված յոթ շրջանների տարանջատումը, որպես հակամարտության երկու առանձին օբյեկտներ:
Հայկական կողմերի համար հակամարտության առավել ընդունելի և կոռեկտ անվանումը «Ղարաբաղյան կամ Արցախյան հակամարտություն» տերմինն է: Հակամարտության առարկան նախկին ԼՂԻՄ տարածքը չէ, և ոչ էլ առանձին ազատագրված յոթ շրջանները: Տարածքային երկու այդ միավորներն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն են, և դրանց միջև տարանջատում դնելը մեզ համար ընդունելի չէ: Տարածքային խնդիրները հակամարտության կարգավորման ընդհանուր փաթեթի մաս են, որոնք չեն կարող դիտարկվել միմյանցից անջատ: Ուստի, առավել կոռեկտ է հակամարտությունն անվանել ընդհանրական անունով՝ առանց տարածքային հստակ տարանջատման:
Հայկական մամուլում հանդիպող մեկ այլ ոչ կոռեկտ տերմին է «ԼՂՀ հակամարտությունը»: ԼՂՀ-ն հանրապետության անվանումն է, որը հակամարտության կողմ է, բայց ոչ հակամարտության առարկա: Ուստի, հակամարտությունը չի կարող կրել հանրապետության անունը:
Հակամարտության անվան հետ կապված մյուս խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև (տարածքային) պայքար Ղարաբաղի համար և այն անվանում է «հայ-ադրբեջանական հակամարտություն»: Իրականում հակամարտության կողմերն են ԼՂՀ-ն ու Ադրբեջանը, ուստի այս ձևակերպման ներքո գերադասելի է «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» տերմինի կիրառումը:
Այսպիսով, խորհուրդ է տրվում օգտագործել «Ղարաբաղյան հակամարտություն» տերմինը: Իսկ այն մեծատառ կամ փոքրատառ գրելը բավական վիճելի հարց է, լեզվաբանների հավաստմամբ, քանի որ այն լեզվի մեջ կարծրացել է, որպես հակամարտության անվանում, առավել ցանկալի է այն գրել մեծատառ՝ Ղարաբաղյան հակամարտություն: