«Իմ առաջին այցելությունն է Հայաստան: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, մասնակցում եմ այս հետաքրքիր միջոցառմանը»,- հայտարարեց հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին, Մարզահամերգային համալիրում այս պահին ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, հայտնում է Panorama.am-ը։
The Washington Post հեղինակավոր թերթի հրապարակախոս, խմբագիր, հայկական արմատներ ունեցող Դեվիդ Իգնատիուսը (David Ignatius) Քլունիից հետաքրքրվեց, թե ի՞նչն է ստիպել նրան այցելել Հայաստան, լինել այս ֆորումին:
Ի պատասխան Քլունին խոսեց երկար, ասաց, որ ինքը ծնվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մարդիկ իրենց իրավունքների համար էին պայքարում, ակտիվ էին ու ինքն էլ դաստիարակվել է այդ սկզբունքներով: Դարֆուրի ցեղասպանության մասին հոդվածները կարդալուց հետո որոշել է իր այժմյան փառքը ի նպաստ ցեղասպանության հետևանքով տուժածների օգտագործել:
«Այժմ ունենալով փառք, ճանաչում ես փորձում եմ օգնել մարդկանց, և ինձ հետևում են տեսախցիկները, որոնց օգնությամբ խնդիրը կընդլայնվի», -հավելեց Քլունին:
Ցեղասպանությունները կոտորած համարելը, ըստ Քլունիի ճիշտ չէ, բայց դրան հասնելու համար երկար ու բարդ ճանապարհ է պետք:
«Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը դա հենց ցեղասպանություն է: Նորից չպետք է կատարվի ասում ենք, բայց նորից ու նորից կատարվում է: Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք այսօր անում ենք` երկու իմաստ ունի. առաջինը հետ նայենք ու չմոռանանք, դա Հայաստանի պատմության մի մասն է, նաև աշխարհի պատմության մի մասն է, և մյուսն էլ այն է, որ դեպի առաջ պետք է նայել: Վարդանի, Ռուբենի, Նուբարի գործունեության հերոսությունն այն է, որ պետք է նայել առաջ», -հայտարարեց Քլունին: