Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը, որում քննարկվելու են բևեռացված աշխարհի պայմաններում մարդկանց միջև փոխըմբռնման հարցերը: Երկօրյա հանդիպմանը, որն անցնելու է «Ընդգրկուն հասարակություններում համագոյակցություն. մարտահրավեր ու նպատակ» կարգախոսի ներքո, նախատեսվում է ընդհանուր առմամբ անցկացնել մոտ 30 քննարկում, որոնց մասնակցում է ավելի քան 100 երկրից 1500-ից ավելի ներկայացուցիչ:
Նշենք, որ ֆորումին պետությունների ղեկավարների մակարդակով ներկայացված են միայն Թուրքիան, Մալթան և Մակեդոնիան. մյուս պետությունները ներկայացված են ավելի ցածր մակարդակով: Նույնիսկ Բելառուսը և Ղազախստանը, որոնք վերջին օրերին լուրջ աջակցություն էին հայտնում Բաքվի իշխանություններին, ներկայացված են օրենսդիր մարմինների խոսնակների մակարդակով: Մասնակիցների թվում են նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավոր սեկտորի, մշակույթի, լրատվամիջոցների, ակադեմիաների, դոնորային հիմնադրամների ներկայացուցիչներ: Փաստորեն, բարձր մակարդակի ներկայացվածություն ֆորումին Ադրբեջանին չի հաջողվել ապահովել: Ֆորումի մասնակցությունը վերջին պահին չեղարկել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ դա բացատրելով գլոբալ ճգնաժամերի ժամանակ Նյու Յորքում գտնվելու անհրաժեշտությամբ: Սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի մասնակցում այս ֆորումին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 20-ին, ՀՀ ԱԳ նախարարությունը պահանջել էր չեղարկել ֆորումի գումարումն Ադրբեջանում, քանի որ վերջինս կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեհամակարգը: Բացի ԱԳՆ-ից Բաքվում անցկացվող ֆորումը բոյկոտելու նախաձեռնությամբ հանդես էին եկել մի շարք հասարակական կազմակերպությունները, որոնք արշավ էր սկսվել հետևյալ հեշթեգով՝ #BoycottBaku2016:
Նշենք, որ համաշխարհային մակարդակի նման միջոցառում անցկացնելով՝ Ադրբեջանն այս անգամ ևս հույս ուներ բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը, և այս անգամ ևս դա նրան չհաջողվեց: Այսպես, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (EOI) քննադատել է ադրբեջանական կողմի՝ հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ վերջին օրերին ցուցաբերած առանձնակի դաժան վերաբերմունքը: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հայտնել է իր մտահոգությունն առ այն, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի:
Չնայած Բաքվում ֆորումի անցկացման մասին որոշումն ընդունվել է ապրիլյան 4-օրյա պատերազմից և դրա ընթացքում ադրբեջանական բանակի իրականացրած վայրագություններից շատ ավելի առաջ, այնուամենայնիվ Բաքվում նման ֆորումի անցկացումը բավականին շատ հարցեր է առաջացնում. մի երկիր, որտեղ կան քաղբանտարկյալներ, մարդու իրավունքները պարբերաբար կոպտորեն խախտվում են, ոչնչացվում է ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը, հերոսացվում է մարդասպանը, չի կարող որևէ կապ ունենալ այդ ֆորում հիմնական գաղափարախոսության՝ տոլերանտության հետ: