Նոր խորհրդարանական ընտրություններն Իսպանիայում այժմ անխուսափելի են, քանի որ Սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսն այդպես էլ չկարողացավ կոալիցիոն կառավարություն կազմել և այդ հարցով օրերս դիմեց երկրի միապետին:
Իսպանիայի թագավոր Ֆելիպ VI-ն ըստ այդմ որոշեց երկրի նոր վարչապետ չառաջադրել և առաջին անգամ կրկնակի ընտրություններ անցկացնել, որոնք տեղի կունենան հունիսի վերջին:
Դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո երկիրն արդեն չորս ամսից ավել քաղաքական փակուղու մեջ է գտնվում, քանի որ կուսակցությունները որևէ կերպ չեն կարողանում համաձայնության ու փոխզիջման գալ:
Հիշեցնենք, որ վերջին ընտրություններում գործող վարչապետ Մարիանո Ռախոյի աջակենտրոն Ժողովրդի կուսակցությունը 123 տեղ էր ստացել 350-տեղանոց իսպանական խորհրդարանում, Սանչեսի ղեկավարած Սոցիալիստները 90 տեղ էին ստացել, ձախակողմյան «Podemos» (Կարո՛ղ ենք) կուսակցությունը՝ 69 տեղ, իսկ աջակենտրոն «Ciudadanos» (Քաղաքացիներն) ընդամենը 40 տեղ:
Փաստորեն գործազրկության բարձր մակարդակի և կոռուպցիոն սկանդալների վրա զայրացած ընտրողներն իրենց ձայնը տվել էին նորահայտ ու փոքր կուսակցություններին, որոնք ընդհանուր առմամբ խորհրդարանական տեղերի 40%-ն էին գրավել՝ միաժամանակ չափազանց թուլացնելով իշխող Ժողովրդի կուսակցությանն ու Սոցիալիստներին, որոնք այլևս չէին կարող կառավարություն ձևավորել:
Վարչապետ Մարիանո Ռախոյը, սակայն, այդպես էլ չի խոստովանել, որ վերջին չորս ամիսներն իսկական ձախողում են եղել Իսպանիայի համար, և պնդել է, որ իր կուսակցությունը միևնույն է «լավագույն առաջարկն ու ընտրությունն է երկրի համար»:
Ինչևէ, հանրային հարցումների մեծ մասը վկայում են, որ հունիսյան արդյունքները շատ բան չեն փոխի Իսպանիայի քաղաքական կյանքում, և որ դեկտեմբերի ընտրությունների ստեղծած փակուղին դեռ երկար չի լուծվելու:
Քաղաքական վերլուծաբաններն էլ նշում են, թե իրենց կարծիքով որքան քիչ է լինելու ընտրողների տոկոսն այս երկրորդ քվեարկությանը, քանի որ հուսահատությունն ու վստահության պակասն այժմ գերիշխում են հանրային տրամադրություններում: