Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ցանկացած բռնություն և ցանկանում է, որ բանակցային գործընթացը վերսկսվի հնարավորինս շուտ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ անդրադառնալով հակամարտության գոտում պահպանվող լարված իրավիճակին։
«Մենք ի սկզբանե ոգևորված էինք՝ կարծելով, թե հրադադարը պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված իրավիճակ է։ Պետքարտուղարը խոսել է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Մինսկի խմբի մեր համանախագահն այցելել է տարածաշրջան: Մենք կապի մեջ ենք երկու կառավարությունների, հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձն անփոփոխ է՝ մենք խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Թոները։