Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին աջակցել ԱՄՆ-ի բանկերում սառեցված իրանական ակտիվների ապասառեցման հարցում և կոչ է արել համոզել Վաշինգտոնին դադարեցնել միջամտությունն իրանական միջազգային կոմերցիոն և ֆինանսական գործողություններին, հայտնում է Reuters-ը։
Պան Գի Մունին ուղղված նամակում Զարիֆը գլխավոր քարտուղարին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ «համոզելու ամերիկյան կառավարությանը հետևել իր միջազգային պարտավորություններին»։
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել էր Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել սառեցված իրանական ակտիվներից 2 մլրդ դոլար, և վճռել էր, որ այդ գումարը պետք է փոխանցվի ամերիկյան ընտանիքներին, որոնց հարազատները դարձել են 1983 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյունների և այլ ահաբեկչությունների զոհ: