Ապրիլի 27-28-ը Մոսկվայում կայացավ Անվտանգության հարցերով 5-րդ համաժողովն «Ահաբեկչությունը որպես միջազգային կայունության գլխավոր սպառնալիք» թեմայով: Ներկա էին 80 երկրների բարձրագույն գեներալիտետի, բարձրաստիճան պաշտոնյաների 500 ներկայացուցիչներ, սակայն բացակայում էին Արևմուտքի պաշտոնական ներկայացուցիչները:
Համաժողովի հիմնական թեման միջազգային ահաբեկչության դեմ պայքարն էր: Քննարկվել են Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության, գլոբալ անվտանգության ու ռազմական համագործակցության հարցերը, պատերազմի և խաղաղության խնդիրը Եվրոպայում: Հատուկ ուշադրություն է հատկացվել Մերձավոր Արևելքում իրավիճակին, «գունավոր հեղափոխություններին» հակազդման գործում զինված ուժերի դերին, Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովմանը:
ԱՍԵԱՆ-ի բոլոր տաս պետությունների ներկայությունն՝ ի դեմս պաշտպանության նախարարների, այն բանի վկայությունն էր, որ Մոսկվայի հետ շփվելու մեջ խիստ շահագրգռված են Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները: Բանն այն է, որ մոլորակի այս հատվածում աճում է լարվածությունը Չինաստանի և շրջակա երկրների միջև, ուստի նրանց հետաքրքիր է, թե Մոսկվան ինչպիսի հարաբերություններ կկառուցի թե՛ իրենց, թե՛ իր ռազմավարական գործընկեր Չինաստանի հետ:
2014թ. ռուսաստանյան զինվորականները առաջ քաշեցին այն թեզը, որ «գունավոր հեղափոխությունները» ռազմական գործողություններ վարելու նոր ձև են հանդիսանում: ՇԱտ փորձագետների կարծիքով տվյալ մոտեցումը բավական վիճելի է, քանզի, եթե նման հեղափոխությունները, ժողովրդական ապստամբություններն իրենցից ներկայացնում են թշնամու ռազմական գործողություններ, ուրեմն հարկավոր է հակազդման միջոցների հավաքածու պատրաստել: Եվ դա երկրի ներսում զորքեր օգտագործելու ուղղակի հիմք է հանդիսանում:
Մոսկովյան 5-րդ համաժողովում «գունավոր հեղափոխությունների» մասին հարցն առաջին անգամ դարձավ քննարկման պաշտոնական մաս, կազմակերպվել էր քննարկման հատուկ սեկցիա հետևյալ անվանումով. «Գունավոր հեղափոխությունները և տարածաշրջանային անվտանգությունը: Զինվորականների դերը պետության կայունության ապահովման գործում»: Նշվեց, որ «գունավոր հեղափոխությունները» դառնում են ահաբեկչության աղբյուր:
«Չարաշահումները հեղափոխություն են առաջացնում, սակայն ցանկացած հեղափոխության հետևանքները շատ ավելի վատ են, քան ցանկացած չարաշահումների հետևանքները… Թող դա ժողովրդավարական չլինի, սակայն, եթե բանակն ու իշխող վերնախավը պատրաստ են պաշտպանել իրենց և երկիրը, ուրեմն այնտեղ ոչ մի հեղափոխական իրադարձություն տեղի չի ունենում»,- համաժողովի ժամանակ նշել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
Մի շարք բանախոսներ իրենց ելութներում ընդգծել են Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցության կարևորությունը:
Այսպես, Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանն առաջարկել է զարգացնել ռազմական համագործակցությունն Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի միջև՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի տեղադրմանը հակազդելու համար: Բացի այդ, նա նաև խոսել է Սաուդյան Արաբիայի՝ զանազան ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մասին և ընդգծել դրանց տարածման վտանգը դեպի Աֆղանստան, Կովկաս, Կենտրոնական Ասիա, Հնդկաստան, Արևմտյան Չինաստան և Եվրոպա:
«Այսօր մենք դառնում ենք ռազմական ոլորտում գիտական գիտելիքների անընդհատ զարգացման ու տարածման ականատեսը: Մենք պետք է հասկանանք այն ռիսկերը, որոնք դրա միջոցով կարող են սպառնալ պետություններին: Այդ սպառնալիքների մի մասը, հայտնվելու դեպքում, կստեղծեն այնպիսի ողբերգություններ, որոնք կլինեն շատ ավելի ծանր, քան Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ողբերգությունները»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Իսկ Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մոհամեդ Ստանեկզայն իր ելույթում նշել է, որ Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Իրանի միջև համագործակցությունը կարևորագույն գործոն է հանդիսանում Կենտրոնական Ասիայում ահաբեկչության դեմ պայքարում:
Ռուսաստանը Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում ռեալիզմ ցուցադրող միակ տերությունն էր, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեջբերելով Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի խոսքերը:
Նրա խոսքերը շարունակեց Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանը. «Հարկավոր է հրաժարվել երկակի ստանդարտներից, չի կարելի ահաբեկիչներին բաժանել լավերի ու վատերի: Հարկավոր է հրաժարվեղ ընտրողական պայքարից: Չի կարելի նաև ահաբեկչությունը կապել որոշակի ազգությունների կամ կրոնների հետ»:
«15 տարի է Աֆղանստանում շարունակվում է ահաբեկչության դեմ պայքարը, սակայն այն աճում ու աճում է, - ասաց Համիդ Կարզայը՝ 2004-2014թթ. Աֆղանստանի նախագահը: - ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն իրենց նպատակներին չհասան, և ներկա հանգամանքներում անհրաժեշտ է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի օգնությունը»:
Փորձագետների կարծիքով, Մոսկովյան համաժողովը ոչ միայն ռազմական նշանակություն ունեցավ: Այն, կարելի է ասել, տարվա իրադարձություն էր՝ դիվանագիտական բեկում մտցնելու տեսակետից:
Անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովն անցկացվում է ամեն տարի 2012թ.-ից ՌԴ պաշտպանության նախարարության կողմից, որպես ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Մյունխենյան համաժողովին այլընտրանք:
Համաժողովին հրավիրվում են ՀԱՊԿ, Համագործակցության շանհայյան կազմակերպության, ՆԱՏՕ-ի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ասիայի երկրների պաշտպանության նախարարները կամ նրանց տեղակալները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, ակադեմիական շրջանների ներկայացուցիչները և ոչ կառավարական փորձագետները:
2014-ից համաժողովին մասնակցությունից հրաժարվել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրների մեծ մասի ռազմական ղեկավարությունը: