ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:
Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը:
Վերանայման գործընթացը նախաձեռնվում է հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը:
Ինչպես նաև հաշվի է առնվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները: