Իսրայելական հեղինակավոր Haaretz թերթն օրերս գրել էր, որ Ղարաբաղում քառօրյա պատերազմի ժամանակ Իսրայելում ադրբեջանական 2 ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել: Այդ լուրը որոշ վերլուծաբանների համար, կարելի է ասել, անսպասելի էր, քանի որ Իսրայելի համար իր ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում խելամիտ չէ միջամտել դժվար կարգավորվող որևէ հակամարտության: Սակայն փաստը մնում է փաստ. Իսրայելն իր անուղղակի մասնակցությունն է ունեցել Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին մարտական գործողություններին: Այսպես, ադրբեջանական բանակը ոչ միայն իսրայելական արտադրության գերժամանակակից զենք էր օգտագործում, այլ նաև առաջնորդվում էր իսրայելցի հրահանգիչների ուղղորդումներով:
Այս համատեքստում բազմաթիվ փորձագետներ սկսեցին խոսել այն մասին, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներքաշել Իսրայելին (Բաքուն վերջին շրջանում ամեն կերպ փորձում է փոխել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը): Բաքվում կարծում են, որ Իսրայելի ներգավվումը հակամարտության կարգավորման գործում կարող է լուրջ դեր ունենալ իրենց համար, քանի որ Իսրայելն ԱՄՆ-ի դաշնակիցն է: Կարևոր գործոն են համարում նաև Իսրայելի վատ հարաբերությունները Հայաստանի դաշնակից Իրանի հետ` միևնույն ժամանակ մոռանալով, որ Իսրայելը լարված հարաբերություններ ունի նաև իրենց ռազմավարական գործընկերոջ՝ Թուրքիայի հետ:
Սակայն հարկ է ուշադրություն դարձնել Ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ոչ միայն ռազմական ներկայությանը, այլ նաև դրա վերաբեյալ քաղաքական հայտարարություններին: Այսպես, Թել-Ավիվը հայտարարել է, որ աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ առանց որևէ բառ նշելու Ադրբեջանի տարածքային ամբողջակության կամ «օկուպացված» տարածքների մասին: Այսպիսով, կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելն ավելի շատ կոմերցիոն շահեր ունի:
Այնումենայնիվ, չպետք է բացառել նաև, որ Իսրայելը ցանկանում է մեծացնել իր դերակատարումը հարավկովկասյան տարածաշրջանում՝ Իրանի սահմանների մոտ: Ամեն դեպքում, Իսրայելի մասնակցությունն որևէ հակամարտության առնվազն անհեթեթ է. այդ երկիրն իր անկախության հռչակումից ի վեր չի կարողանում կարգավորել Պաղեստինի հետ հակամարտությունը: