Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին, մասնավորապես ասել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ: Այս մասին տեղեկանում ենք Artsakhpress-ից։
«Կարծում եմ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,-ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: