Թուրքիայի խորհրդարանում Սահմանադրական հանձնաժողովի նիստում ինձ վրա հարձակումը կապված էր իմ հայ լինելու հետ։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ Bianet.org-ի հետ զրույցում:
Փայլանը պատմել է, որ իր վրա հարձակումը նախօրոք ծրագրավորված է եղել, իսկ իշխող կուսակցության անդամներն իր վրա հարձակվել են միայն այն բանի համար, որ ինքը ասել է, թե համաձայն չէ նրանց պնդման հետ։
«15 հոգով փորձեցին ինձ հետ ինքնադատաստան տեսնել։ 20-30 վայրկյանում 100 հարված են ինձ հասցրել։ Հարձակումը կապված էր իմ հայ լինելու և մարդու իրավունքների պաշտպան լինելու հետ։ Ամեն ինչ տեսագրության մեջ պարզ երևում է։ Դատի չեմ տալու, քանի որ դրական բան չեմ սպասում։ Տեղի ունեցածը թողնում եմ հասարակության խղճին»,- նշել է Փայլանը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը։