Ստամբուլի Grand Bazaar-ի (Մեծ շուկայի) ոսկերիչները ռուսական շուկա մտնելու ճանապարհ են գտել՝ իրենց գործունեությունն ուղղելով դեպի Հայաստան, հայտնում է Civilnet-ը՝ Haberturk-ի վրա հղում կատարելով:
«Չնայած թուրքական ոսկու և ոսկերչական իրերի վրա Ռուսաստանը որևէ հատուկ պատժամիջոց չի սահմանել՝ թուրք ոսկերիչները խնդիրներ են ունենում իրենց արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում՝ պայմանավորված բարձր մաքսատուրքերով և այլ խոչընդոտներով»,- գրում է պարբերականը:
Թերթը նշում է, որ Grand Bazaar-ի և Ստամբուլի նոր ոսկերչական շուկայի՝ Kuyumcukent-ի, առաջատար ոսկերիչները իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան:
Ըստ թուրքական թերթի՝ Grand Bazaar-ի շատ կրպակներ ունեն ֆինանսական խնդիրներ զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով, և ոսկերչական կրպակների 5-6 տոկոսն արդեն տեղափոխվել է Հայաստան:
«Ոսկերիչները, որոնց մեծ մասը ազգությամբ հայ են, նախընտրում են այս երկիրը՝ պայմանավորված աշխատուժի համեմատաբար ցածր գներով, ոսկու և ոսկերչական արհեստի բարձր որակով, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հետ ավելի դյուրին առևտրային կապերով»,- գրում է թերթը՝ ընգծելով Եվրասիական տնտեսական միության առկայությունը, որը նպաստավոր է առևտրի համար: