Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Հանդիպմանը մասնակցում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպում կազմակերպելու առաջարկով ԱԺ ղեկավարությանը դիմել էին ընդդիմադիր պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը: