Արցախը նոր օմբուդսմեն ունի

13:18     5 մայիսի, 2016

ԼՂՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկության արդյունքում 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում քիչ առաջ հաստատեց Ռուբեն Մելիքյանի թեկնածությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին վստահության համար և նշել, որ իր առաջնային գործունեությունն է լինելու միջազգային հարթակներում ներկայացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված անմարդկային վայրագությունները:

«Այդ վայրագությունները պետք է դատապարտվեն և համապատասխան գնահատական ստանան միջազգային հանրության կողմից և այդ կապակցությամբ կան բավարար փաստեր, որոնց ներկայացման համար ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու»,-ասել է նորանշանակ օմբուդսմենը և հավելել, որ իր աշխատանքի առանցքն է լինելու նաև շարունակել իր արդեն նախկին պաշտոնակցի աշխատանքն՝ ավելի միջազգայնացնելով ու հանրայնացնելով ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը:


© armedia.am