«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է հայ կարատեիստ, աշխարհի չեմպիոն Արթուր Առուշանյանի հետ, ով այժմ որպես կամավոր գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում:
- Արթու՛ր, ինչպե՞ս որոշեցիք կամավոր գրվել պատերազմում: Որո՞նք էին նման որոշում կայացնելու պատճառները:
- Նախևառաջ, ինքս էլ Ղարաբաղից եմ: Բացի այդ, պատերազմի հենց սկզբից էլ ընկերներիս հետ միասին գրանցվեցինք, որ մեկնենք դիրքեր, պարզապես առաջին օրերին այնքան կամավոր կար արդեն, որ մեզ չէին տանում: Վերջերս նոր հաջողացրինք ինքներս էլ գնալ:
- Ինչպի՞ն է այդտեղ առկա իրավիճակը: Լարվածությունը պահպանվու՞մ է:
- Հիմա Մարտակերտում եմ գտնվում: Լարվածությունն իրականում մարդիկ են ավելորդ ստեղծում: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ ու նորմալ է:
- Իսկ ադրբեջանցիների հետ երբևէ առիթ ունեցե՞լ եք հանդիպելու, թեկուզև սպորտի բնագավառում:
- Ադրբեջանցիների հետ շատ եմ առիթ ունեցել հանդիպելու և գործի բերումով շփվելու: Անգամ վերջերս հենց սահմանից ստիպված էի մեկնել Ռուսաստանի կարատեի առաջնության մրցումներին, որտեղ կիսաեզրափակչում ադրբեջանցի մարզիկի հետ դեմ-դիմաց դուրս եկա: Բնական է, որպես հենց նոր խրամատից իջած, ես շատ ավելի նախատրամադրված էի նրա հանդեպ, իսկ ինքը և ընդհանրապես իրենց հավաքականը, իմ տպավորությամբ ավելի շատ ներքին վախ ունեին: Չէին ուզում շատ աչքի ընկնեին, կարծես խուսափում էին մեզնից:
Արթուր Առուշանյանը ծնվել է 1993 թվականին Սանկտ-Պետերբուրգում: 2000 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ: 2010-ին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցը և ընդունվել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ: 2005 թ-ից զբաղվում է կարատեով: 2007 թ. նվաճել է Հայաստանի կարատեի առաջնության բրոնզե մեդալը: 2011 թ. 1-ին տեղ է զբաղեցրել Եվրոպայի պատանեկան առաջնությունում Բուլղարիայում: 2012 թ.-ին Իսպանիայում դառնում է Եվրոպայի կարատեի չեմպիոն: 2015 թ-ին հաղթող է ճանաչվում աշխարհի գավաթի երեխաների, երիտասարդների, պատանիների շրջանում: Նույն տարում Խաբարովսկում դառնում է աշխարհի չեմպիոն կարատեի Կիոկուշին մարզաձևում:
Ասում են՝ սպորտում քաղաքականությունը տեղ չունի: Բայց երբ պատերազմը խառնվում է կյանքին, սպորտն ու քաղաքականությունը ևս հատվում են: Արթուրի օրինակն էլ դրա վառ ապացույցն է...