Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը: Այդ առնչությամբ Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը զրուցել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի հետ, հաղորդում է ermenihaber-ը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ», Ռոթը ասել է.
«Այս մոտեցումը անհավատալի է. ոմն դեսպան բացահայտորեն կարողանում է զգուշացում անել Գերմանիայի խորհրդարանին: Մենք դա չենք ընդունում: Ոչ մի հյուպատոսարան, ոչ մի պետություն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին: Դա մեր իրավունքն է՝ որոշել, թե ինչը քննարկենք, ինչի վերաբերյալ որոշումներ կայացնենք:
Հուսով եմ, որ «Սոցիալ-դեմոկրատական» և «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցությունները հավատարիմ կմանան իրենց խոսքին և խնդիրը ոչ միայն կքննարկվի, այլև նրանք կքվեարկեն բանաձևի օգտին և տեղի ունեցածը կկոչեն իր անունով: Իսկ այդ անունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցեղասպանությունը: Մենք նույնիսկ ուշացել ենք, անհրաժեշտ էր դեռ անցյալ տարի ճանաչել»: