Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Չինաստանի նախագահը դարձավ միավորված մարտական կենտրոնի գերագույն հրամանատար: Մինչդեռ այս երկրում նախկինում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն չի եղել:
Նշենք, որ ՉԺՀ նախագահը հանդիսանում է նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ, իսկ այժմ՝ նաև գլխավոր հրամանատար: ՉԺՀ նախկին նախագահներն այս պաշտոնի պատասխանատվությունը դնում էին պրոֆեսիոնալ զինվորականների վրա, իսկ այժմ, փաստորեն, մեկ մարդ իր ձեռքերում կկենտրոնացնի զորքերի գերագույն հրամանատարությունը:
Ո՞րն է նման որոշման պատճառը:
Ինքը՝ նախագահ Սի Ծինփինն, այս փոփոխության անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ ամեն ինչ պետք է անել մարտական գործողությունների ղեկավարման ունակությունը բարելավելու համար, ընդ որում՝ որպես չափորոշիչ պետք է ծառայի պատերազմներում կռվելու և հաղթելու ունակությունը:
Նշենք, որ ՉԺՀ բանակաշինության ոլորտում նկատվում է զինված ուժերի կառավարում մեկ կենտրոնից: Մինչև 2020թ. նախատեսվում է ստեղծել կենտրոնական հրամանատարություն, որին կենթարկվեն Ժողովրդական-ազատագրական բանակի (ԺԱԲ) բոլոր զինված ուժերը, այսինքն՝ ցամաքային զորքերը, ռազմավարական միջուկային ուժերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը: Նախատեսվում է նաև 2,3մլն թվաքանակ ունեցող ԺԱԲ-ը կրճատել 300 հազարով, իսկ տնտեսված միջոցներն ուղղել ռազմավարական միջուկային ուժերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի արդիականացմանը, ինչպես նաև մեծ ռազմական օկրուգները յոթից կդառնան չորս: Բացի այդ, նախագահ Սին մտադիր է ԺԱԲ գլխավոր վարչությունները, այսինքն՝ շտաբը, սպառազինությունների, թիկունքի և քաղաքական վարչությունները դարձնել ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի կառուցվածքային բաղադրիչներ:
Նման փոփոխության պատճառը կապված է մարտավարության փոփոխության հետ: Եթե նախկինում ԺԱԲ-ի համար մոդել էր հանդիսանում խորհրդային բանակը, իսկ նպատակն էլ Չինաստանը ներխուժումից պաշտպանելն էր, ապա այժմ այլ խնդիր է դրվում. վերափոխել բանակը՝ դարձնելով այն ժամանակակից ռազմական մեքենա, որն ունակ լինի իր ուժը պրոյեկտել Չինաստանի սահմաններից բավականին հեռու, օրինակ՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Այսինքն՝ չինական բանակը նմանվում է ամերիկյան զինված ուժերին: Պեկինը բանակային վերափոխումների անհրաժեշտությունը գիտակցեց 1991թ. Ծոցի պատերազմից հետո, երբ ամերիկյան ուժերի կոորդինացված գործողությունները հանգեցրին Սադդամ Հուսեյնի բանակի լիակատար պարտությանը:
Ամերիկացիների այս հաջողությունը բացատրվում է նրանով, որ 1986թ. ԱՄՆ-ում ընդունվեց հատուկ օրենք, որով վերջ է դրվում զինված ուժերի տեսակների միջև մրցակցությանը: Այդ ժամանակ անձնակազմի թվաքանակը նվազեցվում է, իսկ ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի և ծովային հետևազորի հրամանատարության լիազորությունները՝ կրճատվում: Շրջանառության մեջ է դրվում «միացյալ գործողություններ» եզրույթը: Սա հրամանատարներին հնարավորություն է տալիս ճիշտ ժամանակին մոբիլիզացնել ռազմաօդային, ռազմածովային ուժերի կամ այլ զորքերի ցանկացած զորամասերը պահանջված պահին:
Չինացիները լավ ուսումնասիրել են ամերիկյան փորձը, և դրա տարրերն էլ իրենց արտացոլումն են գտել ՉԺՀ ժողովրդական-ազատագրական բանակի բարեփոխումներում: