Թուրքիայի Մարդու իրավունքների միության ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի Ստամբուլի մասնաճյուղը նամակ է ուղղել Թուրքիայի մեջլիսի նախագահին` մայիսի 2-ին խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ իրականացված հարձակման հետ կապված:
Asbarez-ը ներկայացնում է ստամբուլյան հանձնաժողովի գրած նամակը.
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Մայիսի 2-ին Ազգային մեծ ժողովում ԱԶԿ-ի անդամների իրականացրած ֆիզիկական հարձակումը, որի հետևանքով ԺԴԿ-ի որոշ անդամներ վնասվածքներ են ստացել, հանգամանորեն բացահայտում է այս երկրում օրենքի գերակայության բացակայության մասին:
Խորհրդարանի ԺԴԿ անդամների դեմ ինքնադատաստան հիշեցնող ֆիզիկական հարձակման նախաձեռնողներն աղաղակող հանցագործություն են կատարել այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում ԺԴԿ-ին դուրս թողնել քաղաքականությունից` ձերբակալելով պատգամավորներին և զրկելով ժողովուրդների ներկայացուցչության հնարավորությունից:
Այս հարձակումը դրսևորումն է նաև ռասայական ատելության:
ԺԴԿ անդամ Կարո Փայլանի հասցեին ֆիզիկական բռնության ժամանակ նաև ռասայական վիրավորանքներ են հնչել` շեշտելով նրա հայ լինելը: Նրան ուղղված վիրավորանքների հեղինակները ոչ միայն ցուցադրել են իրենց ռասիստական էությունը, այլև Կարո Փայլանին դարձրել են ռասիստական հարձակումների թիրախ:
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման մասին միջազգային կոնվենցիան, որն ընդունել է նաև Թուրքիան, թելադրում է կոնվենցիան ստորագրած պետությունների պարտավորությունները` կապված կանխման, հետաքննության, պատժի սահմանման և ռասիստական հարձակումների զոհերին փոխհատուցման հետ:
Հարգելի՛ պարոն նախագահ,
Դուք մասնակից եք դառնում վերոնշյալ հանցագործությանը` ձեր օրակարգից բացառելով ռասայական հարձակումը, որը տեղի է ունեցել մայիսի 2-ին՝ այն դատապարտման չենթարկելով»: