Բրիտանական Wiwibloggs կայքն անցկացնում է ամենամյա քվեարկություն՝ «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին (Eurovision’s Next Top Model) որոշելու համար։ Այս քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։
Այս տարի ևս կայքը դեռ ապրիլի սկզբին հայտարարել էր քվեարկություն մեկնարկի մասին՝ այս տարվա թոփ մոդելին գտնելու համար։ Քվեարկության ընթացքում տևական ժամանակ առաջատարի դերում հենց Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն էր:
Քվեարկությունն ավարտված է և, ինչպես կարելի էր ակնկալել, Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանն արժանացել է Իվետա Մուկուչյանը, ով հանդիսատեսին և օգտատերերին գրավել է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև գեղեցիկ ձայնով։ Իվետան, ստանալով ձայների 31.45%-ը, հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Բուլղարիայի ներկայացուցիչներից։
Նշենք, որ անցյալ տարի «Եվրատեսիլ 2015»-ի հաջորդ թոփ մոդել քվեարկությունում նույնպես հաղթել էր «Genealogy» խմբի մեր գեղեցկուհի Թամար Կապրելյանը։
