«Ալ- Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարությունը Սիրիա տեղափոխվելու մասին որոշում է ընդունել և արդեն ուղարկել է իր ամենափորձառու գորհայիններին: Այս մասին գրում է The New York Times-ը՝ ամերիկյան և եվրոպական հատուկ ծառայություններում իր աղբյուրների վրա հղումով։
Սիրիայում «Ալ-Քաիդան» մտադիր է իր շտաբ-բնակարանը տեղակայել՝ միավորվելով «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ: Նշվում է, որ Սիրիայում շտաբ-բանակարանի բացման որոշումը կայացվել է Պակիստանում խմբավորման կրած բազմաթիվ կորուստների արդյուքնում:
Նշենք, որ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի սիրիական թևի ակտիվացումը նշանավորում է «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումների միջև առկա մրցակցության ուժեղացում: «Ալ-Քաիդայի» առաջնորդ Զավահիրին նախորդ շաբաթ տարածած աուդիոհաղորդագրության մեջ խմբավորման կողմնակիցներին կոչ է արել միավորվել՝ «աշխարհի մուսուլմանների մեծ հույս» հանդիսացող Սիրիայում խալիֆայություն ստեղծելու համար: Այդ նպատակով Զավահիրին նույնիսկ նշել էր, որ պատրաստ է հրաժարվել իր իշխանությունից հօգուտ «Ջաբհաթ ան-Նուսրայի»:
Հարկ է նշել, որ չնայած ահաբեկչական երկու խմբավորումների վերջնական նպատակն իսլամական պետության ստեղծումն է Սիրիայում, սակայն նրանց գործելակերպը միանգամայն տարբերվում է: Այսպես, եթե ԻՊ գրավում է տարածքներ և ոչնչացնում տեղում իր հակառակորդներին, ապա «Ալ-Քաիդան» փորձում է մեծացնել իր ազդեցությունն Ասադի դեմ պայքարող խմբավորումների շրջանում: «Ալ-Քաիդայի» այս որոշումը ցույց է տալիս ահաբեկիչների համար Սիրիայի նշանակության մեծացումը: Այսպիսով, Սիրիան դեմոկրատական դարձնելու և Ասադից ազատվելու Արևմուտքի փորձերը Սիրիայում ահաբեկիչների գործունեության համար պարարտ հող են ստեղծել:
Ի դեպ, շտաբ-բնակարանի տեղակայումը Սիրիայում նոր հնարավորություններ կընձեռի գրոհայիններին ոչ միայն Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդելու տեսանկյունից, այլ նաև Արևմուտքի դեմ պայքարելու հարցում: Մասնավորապես Սիրիայում նոր ճակատ բացելով՝ «Ալ-Քաիդան» կլինի Եվրոպայից «հարվածի հեռավորության վրա», նաև կկարողանա գրոհայինների ավելի ակտիվ հավաքագրում իրականացնել Իրաքում, Թուրքիայում, Հորդանանում և Լիբանանում: