Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանն ամեն կերպ փորձում է «ձերբազատվել» 1994 և 1995թ. հրադադարի համաձայնագրերից: Վիեննայի Սարգսյան-Ալիև հանդիպումն այս առումով պետք է որոշակի կարևոր դեր խաղար և ցույց տար, թե արդյոք կհաջողվի Ադրբեջանին պարտադրել պահպանել նախկինում ստանձնած իր պարտավորությունները:
Այդ համատեքստում հարկավոր է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա: Նախ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ 1994 և 1995թ․ զինադադարի համաձայնագրերի պահպանման կարևորությունը նշվում է միայն համանախագահների կողմից, ինչը հստակ ցույց է տալիս, որ Վիեննայում նույնպես Ադրբեջանը շարունակել է դեռ ապրիլի սկզբին որդեգրած իր քաղաքականությունը: Ադրբեջանի իշխանություններն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ շեշտել են, թե այս իրադարձություններն իբր չեղարկեցին 1994 և 1995թ․ զինադադարի համաձայնագրերը: Այս մասին է վկայում նաև այն, որ մինչ Ալիևի հետ միևնույն սեղանի շուրջ նստելը, ՀՀ նախագահը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած երկկողմ հանդիպումների ժամանակ շեշտել է 1994թ. զինադադարի մասին և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը:
Երկրորդ, Ադրբեջանն, ինչպես ապրիլյան սրացումներից, այնպես էլ Վիեննայի հանդիպումից հետո սկսել է առավելապես հղվել ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ շտաբերի պետերի՝ Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնության վրա: Սրա մասին է վկայում մայիսի 19-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևի «կոչը» միջազգային հանրությանը՝ «դատապարտել Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտման համար և պահանջել խստորեն պահպանել 2016թ-ի ապրիլի 5-ին հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պարտավորությունները»:
Այն, որ հենց միջնորդներն են իրենց համատեղ հայտարարության մեջ նշում 1994 և 1995թ․ զինադադարի համաձայնագրերի պահպանման կարևորությունը, ակնհայտ է դարձնում, որ նրանց համար ևս ընկալելի չէ Ադրբեջանի՝ ապրիլյան սրացումներից հետո այս հարցում որդեգրած քաղաքականությունը: Այլ հարց է, թե ինչ քայլեր են նրանք ձեռնարկում այս ուղղությամբ: Քանի դեռ հրադադարի համաձայնագրի ուժի մեջ լինելը կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, բանակցային գործընթացի վերսկսման, առավել ևս այդ գործընթացում որևէ առաջընթաց գրանցելու մասին խոսելն անտրամաբանական է: Միջնորդների, հատկապես Ռուսաստանի, որը հանդիսանում է 1994թ-ի զինադադարի պայմանագրի միջնորդ, պարտավորությունն է քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանին իրականություն հետ վերադարձնելու համար: Այդ քայլերից առաջինը պետք է լինեն հասցեկան հայտարարությունները, որոնք չհնչեցին նաև Վիեննայում: