Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններ բնութագրվում են որպես ռազմավարական գործընկերություն։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Պավլովսկին, փոխանցում է news.am-ը։
«Երկու բառն էլ լրիվ հասկանալի են։ Գործընկերություն նշանակում է, որ մենք համագործակցում ենք, ռազմավարական նշանակում է, որ համագործակցությունը երկարաժամկետ բնույթ է կրում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների հիմքում ընկած օբյեկտիվ գործոններն հասկանալի են՝ աշխարհագրական մոտ դիրք, տնտեսական կապեր, Ռուսաստանում առկա մեծ ադրբեջանական սփյուռք. մենք դա կոչում ենք ռազմավարական գործընկերություն։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի դաշնակիցը չէ, Հայաստանի հետ մենք ռազմա-քաղաքական միություն ունենք, փոխօգնության մասին մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական»,- նշել է Պավլովսկին՝ մեկնաբանելով փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։
Պավլովսկին ընդգծել է, որ խոսել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները դիտարկվում են նույն մակարդակի վրա, այնքան էլ ճիշտ չէ։