Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխության առաջարկին, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում, հայտնում է BBC-ն:
Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 531 պատգամավոր, որոնցից 373-ը կողմ է քվեարկել փոփոխություններին, իսկ 138-ը` դեմ: 8 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 9 քվե դատարկ է եղել, իսկ 3-ը` անվավեր:
Սահմանադրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վավերացումից հետո: էրդողանը արդեն պատգամավորների այդ քվեարկությունն անվանել է պատմական: «Իմ ժողովուրդը չի ցանկանում խորհրդարանում տեսնել նրանց, ովքեր աջակցում են անջատողական ահաբեկչական կազմակերպության», - ասել է էրդողանը՝ նկատի ունենալով քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին: